2014-ի սեպտեմբերից պատվաստումների հայ ազգային օրացույցը լրացվել է նոր պատվաստումով` պնեւմոկոկային վարակի դեմ: Ինչպես է ընթանում պատվաստումը, արդյոք երկրում նվազել է պնեւմոկոկային վարակների հետ կապված հիվանդությունների թիվը: Այդ ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ինչպես նշել է մասնագետը, պատվաստումը հաջող է ներդրվել եւ բուժաշխատողների կամ երեխաների ծնողների հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել: Մասնագետները մտավախություն ունեին, թե երեխաների ծնողներին կարող է վախեցնել այն փաստը, որ նոր պատվաստումն իրականացվելու է այլ պատվաստումների հետ միաժամանակ (պենտավալենտային պատվաստանյութը ներարկում են մի ոտքին, իսկ պնեւմոկոկայինը` մյուս): Սակայն, ինչպես ցույց է տվել մոնիտորինգը, երկրում պատվաստման ցուցանիշները ոչ միայն չեն նվազել նոր պատվաստման ներդրումից հետո, այլեւ նույնիսկ բարելավվել են:
Որքանո՞վ արդյունավետ է նոր պատվաստումը: Որչա՞փ է կրճատել պնեւմոկոկային վարակներով հիվանդացումը:
Ինչպես նշել է Գայանե Սահակյանը, առայժմ վաղ է պատասխանել այդ հարցին. ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատվաստման արդյունքները տեսանելի դառնան: Սակայն մանկական պոլիկլինիկաների շատ աշխատակիցներ նկատել են, որ օտիտով` միջին ականջի բորբոքումով երեխաների թիվը վերջերս նվազել է: Օտիտը պնեւմոկոկային վարակի հետեւանքով ամենից հաճախակի առաջացող հիվանդություններից է:
Գայանե Սահակյանը միաժամանակ նշել է, որ բուժաշխատողներն ուշադրություն են դարձրել, որ նվազել է թոքերի բորբոքումով երեխաների թիվը` մեկ այլ տարածված հիվանդություն, որը կարող է առաջանալ պնեւմոկոկային վարակի պատճառով:
Հիշեցնենք, որ պնեւմոկոկային վարակի դեմ պատվաստումների համար բելգիական «Սինֆլորիքս» պատվաստանյութն է օգտագործվում: Պատվաստանյութը մշակված է 10 առավել տարածված եւ վտանգավոր շտամների դեմ, որոնք կարող են մահացու ելքի հանգեցնել:






