Օրգանական կոսմետիկայի, հիգիենայի դեղամիջոցների եւ բնական յուղերի  հայ արտադրողները, որոնց արտադրանքը ներկայացված է   EXPO BEAUTY 2015 ցուցահանդեսին, կցանկանային, որ կառավարությունն իրենց աջակցություն տրամադրեր արտադրանքի արտանման եւ արտասահմանում դրա առաջ մղման համար: 

Անհատ ձեռներեց Անուշ Գեւորգյանը, որը բնական յուղերից եւ դեղաբույսերից   AG Organics ապրանքանիշի օճառներ է արտադրում, նշել է, որ պետությունը բիզնեսի այդ ոլորտի ներկայացուցիչներին դիտարկում է սոսկ որպես  հարկատուների, սակայն նրա կարծիքով, իր նման արտադրողները պիտի որոշակի հարկային արտոնություններ ունենան զարգանալու համար: Անուշ Գեւորգյանը նշել է, որ, օրինակ, առեւտրի ոլորտի կազմակերպությունները շրջանառությունից ավելի փոքր տոկոս են վճարում, քան արտադրողները: Ստացվում է, որ Հայաստանում վաճառելն ավելի շահավետ է, քան արտադրելը: 

Գործարարի խոսքով, նրա արտադրանքը մեծ պահանջարկ չունի, որովհետեւ յուրահատուկ է եւ սովորական հիգիենիկ միջոցներից ավելի թանկ արժե: Սակայն այն մարդիկ, ովքեր հետեւում են իրենց առողջությանը եւ կարող են իրենց թույլ տալ ավելի շատ վճարել, գնում են դա: Ամռանը, երբ Հայաստանում շատ էին դրսից եկածները, առեւտուրը լավ էր. օտարերկրացիների շրջանում նրա ապրանքը պահանջարկ ուներ: 

Առանց ռաֆինացման, սառը մզման միջոցով բնական յուղեր արտադրող  «Դիկոնդ» ընկերության ղեկավար Հասմիկ Դինկչյանը նշել է, որ իրենց արտադրությունն արդեն երեք տարի է, գործում է, սակայն շուկայում արտադրանքի առաջ մղումը շատ բարդ է:  Անհրաժեշտ են մարկետինգային միջոցառումներ, գովազդ, իսկ ընկերությունն առայժմ այդքան միջոց չունի:  «Դիկոնդի» արտադրանքը, որի հիմնական հաղթաթուղթը խաղողի կորիզների յուղն ու խաղողի աղացած կորիզներն են, առայժմ չի արտահանվում, բայց ընկերությունը գործընկերներ է փնտրում, որոնք նրան օգնեին այդ հարցում: 

Շանթ Խայալյանը, որը երեք տարի առաջ Հալեպից Երեւան է եկել եւ բնական օճառների եւ շամպունների արտադրության  Beauty Products ապրանքանիշն է հիմնել, կնախընտրեր, որ պետական գործակալություն լիներ արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջ մղման համար: Իր համար դժվար է գործընկերներ գտնել, ասենք` հենց նույն Ռուսաստանում, սակայն պետական մարմինը կարող էր օգնել իրեն: