Հայաստանի քաղաքացիների 15%-ն աղքատության մեջ է ապրում, եւս 75%-ը «համեստ» կյանք է վարում: Բնակչության մնացյալ 10%-ը հարուստ եւ ապահովված է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Երկրի 3.300 բնակիչների շրջանում անցկացված հարցման համաձայն, Հայաստանի քաղաքացիների 77%-ի ամսական աշխատավարձը 63 հազար դրամից պակաս է, իսկ բնակչության մեկ շնչին բաժին հասնող ամսական եկամուտը 43 հազար դրամ է: 5 հոգանոց ընտանիքի միջին եկամուտը 200-250 հազար դրամ է:

Սոցիոլոգի խոսքով, ՄԱԿ-ի չափանիշներով, եթե մեկ մարդուն օրական բաժին է հասնում 2 դոլարից պակաս գումար, նա աղքատ է համարվում, իսկ եթե 1 դոլար եւ պակաս՝ ծայրահեղ աղքատ: Այսինքն՝ եթե մարդն ամսական 60 դոլարից պակաս է վաստակում, նա աղքատ է:

Սակայն Հայաստանում հետազոտությունը փոքր-ինչ այլ կերպ է անցկացվել, քանի որ աղքատության չափանիշներն այստեղ այլ են: Մասնագետները փորձել են պարզել, Հայաստանի բնակիչները կարողանո՞ւմ են իրենց ամսական եկամուտով սնունդ գնել: Եթե նրանց եկամուտը սննդին չի բավականացնում, ուրեմն նրանք ծայրահեղ աղքատ են: Իսկ եթե եկամուտը բավարարում է սնունդ, ինչպես նաեւ հագուստ եւ կոշիկ գնելուն, նա «համեստ» է ապրում:

Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ, հակառակ տարածված կարծիքին, Հայաստանի բնակչության միայն 1%-ն է բանկից վարկ վերցնում հարսանիք, կնունք, նշանադրություն կամ այլ միջոցառում կազմակերպելու համար: Եվս 2%-ն էլ կանոնավորապես պարտք է վերցնում: