Շատ հայերի համար նոր տարվա տոները վաղուց դադարել են ուրախության եւ դրական հույզերի աղբյուր լինել: Փոխարենը դրանք ընդամենը սթրես եւ բացասական հույզեր են առաջ բերում: Ինչո՞ւ: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը փորձել է պատասխանել այդ հարցին: 

Ինչպես նա նշել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Հայաստանի շատ բնակիչների համար այսօր Նոր Տարին նույնանում է սոսկ փող ծախսելու եւ հսկայական քանակությամբ ուտեստների պատրաստման հետ: Ավելին, շատերը սկսել են այս տոնն ընկալել որպես յուրահատուկ մրցարշավ, որի ընթացքում փորձում են իրար գերազանցել` առավել շքեղ սեղան բացելով: Այդ ամենն իհարկե մարդկանց համար սթրեսի աղբյուր է դառնում, չէ՞ որ այնտեղ, որտեղ մրցարշավ կա, կան նաեւ հաղթողներ եւ պարտվողներ, իսկ «պարտվել» ոչ ոք չի ուզում: 

Իր դերն է խաղում նաեւ հոգնածությունը, որը գրեթե բոլոր մարդիկ ունենում են տարեւերջին: Այդ հոգնածությունը նոր տարվա պատրաստությունների եւ  «մրցարշավների» ֆոնին ընդամենը ուժեղացնում է սթրեսը:  

Այդ սթրեսը մեղմելու համար գուցե արժե, որ դադարենք ամանորյա տոներն ընկալել որպես մրցարշավ եւ վերադառնանք դրանց ընկալմանը որպես դրական մի բանի, ընկերներին եւ հարազատներին հանդիպելու հնարավորության, ոչ թե ուղղակի օրերի, երբ անհրաժեշտ է շքեղ սեղաններ բացել: