Եթե կինը հղիության ընթացքում հակադեպրեսանտներ է ընդունում, աուտիզմով հիվանդ երեխա ունենալու ռիսկը 2 անգամ մեծանում է: Այդ մասին տեղեկացնում են Մոնռեալի համալսարանի գիտնականները:
Նրանք 140 000 հղի կնոջ շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել են, որ երեխաների մոտ աուտիզմի զարգացման շանսերը 87 տոկոսով աճում են հակադեպրեսանտների ընդունման դեպքում` հատկապես այնպիսինների, ինչպիսիք են Prozac-ը եւ Seroxat-ը, տեղեկացնում է JAMA Pediatrics-ը:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ընդհանուր առմամբ երեխաների 3,2 տոկոսը արգանդում հակադեպրեսանտների ազդեցությանն է ենթարկվել, նրանցից 88,9 տոկոսը` առաջին եռամսյակի ընթացքում, իսկ 53,6 տոկոսը` երկրորդ կամ երրորդ: Աուտիստիկ սպեկտրի խանգարում է ախտորոշվել երկրորդ կամ երրորդ եռամսյակում դեղամիջոցների ազդեցությանը ենթարկվածների 1,2 տոկոսի եւ առաջին եռամսյակում ենթարկվածների 1 տոկոսի մոտ:
«Երեխաների մոտ աուտիզմի զարգացման բոլոր պատճառներն առայժմ պարզ չեն, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ դեր է խաղում գենետիկան եւ շրջակա միջավայրը: Մեր հետազոտությունը պարզել է, որ հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում հակադեպրեսանտների ընդունումը գրեթե կրկնապատկում է ապագա երեխայի մոտ աուտիզմի զարգացման ռիսկը: Եթե մայրը հակադեպրեսանտներ է ընդունում (հատկապես սերոտոնինի հետընթաց առգրավման սելեկտիվ ինհիբիտորներ` հակադեպրեսանտներ, որոնք նախատեսված են տագնապի հետ կապված խանգարումների եւ դեպրեսիայի բուժման համար), ապա անհամեմատ մեծանում է հավանականությունը, որ երեխայի մոտ աուտիզմ կախտորոշեն», — ասել է Մոնռեալի համալսարանի գիտաշխատող Անիկ Բերարդը:
Նրանք նաեւ նշել են, որ այդ հակադեպրեսանտների ընդունումը կարող է բացասաբար ազդել մոր արգանդում երեխայի ուղեղի զարգացման վրա:
ԱՄՆ-ի առողջապահության պետական ծառայությունը խորհուրդ է տվել հրաժարվել հղիության ընթացքում նման դեղամիջոցների ընդունումից, որովհետեւ դրանց ընդունման դեպքերը կապված են վիժումների մեծ քանակության եւ ապագա երեխայի առողջական խնդիրների հետ: Միաժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս շարունակել նման դեղամիջոցներ նշանակել, եթե մոր դեպրեսիայի պատճառով ռիսկերը գերակշռում են այլ նկատառումների նկատմամբ:
Ներկայումս հղի կանանց 6-ից 10 տոկոսը հակադեպրեսանտներ է ընդունում, իսկ աուտիզմ ախտորոշումը ստանում է 10 000 երեխայից 100-ը: 1966-ին այդ հարաբերակցությունը 4-ը 10 000-ի էր:






