Ձիթապտղի ու արեւածաղկի յուղերը թուլացնում են նորածինների մաշկի բնական պաշտպանական հատկությունները: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի փորձագետները: Պետք է նշել, որ խոնավացնելու նպատակով նորածինների մաշկին ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ քսելը բավականին տարածված պրակտիկա է մանկաբարձների շրջանում:
Նորածնի մաշկի վրա ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը քսելու դեպքում թուլանում է մաշկի պաշտպանական շերտը, որը արգելափակում է ինֆեկցիաների ու ալերգենների ներթափանցումը, նաեւ կանխում ջրազրկումը: Գիտնականները ուսումնասիրել են ձիթապտղի ու արեւածաղկի յուղերի ներգործությունը ու ստացված արդյունքների մասին հայտնել Аcta Dermato-Venereologica ամսագրում:
Հետազոտության ընթացքում Saint Mary's Hospital հիվանդանոցի մանկաբարձները 115 նորածինների երեք խմբերի են բաժանել: Առաջին խմբում երեխաներին ձիթապտղի յուղ էին քսում, երկրորդում՝ արեւածաղկի, իսկ երրորդում՝ առհասարակ ոչ մի յուղ: 28 օր շարունակ առաջին երկու խմբերի նորածինների մաշկի փոքրիկ տարածքները մշակում էին մի քանի կաթիլ ձեթով:
Այնուհետեւ հետազոտողները ուսումնասիրել են երեխաների մաշկի լիպիդային պլաստիկ կառուցվածքը ու պարզել, որ առաջին երկու խմբերում մաշկի պաշտպանական շերտի զարգացումն ու դրա աշխատանքը դանդաղել էր՝ հսկիչ խմբի համեմատ: Սա վկայում է այն մասին, որ նորածնային մաշկի բնական պաշտպանական հատկությունները խախտվում են այդ յուղերի ազդեցության ներքո: Այդ յուղերը կանխում են լիպիդային սկավառակների արագ զարգացումը, ինչը կարող է մաշկային խնդիրների՝ օրինակ էկզեմայի զարգացման պատճառ դառնալ:






