ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին Թեհրանում ստորագրել են «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի Հայաստանի եւ Իրանի առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես բնակչության առողջության բարելավմանը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում այցելել է «Նոոր» (Noor) ակնաբուժական համալիր, «Իմամ Խոմեյնի» հիվանդանոց, ինչպես նաեւ պատվաստանյութերի գործարան ծանոթացել բժշկական կազմակերպությունների հնարավորություններին: Պատվիրակները ներկայացրել նաեւ մեր երկրի առողջապահական ծրագրերը, հանգամանալից քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Պատվիրակության անդամներն այցելել են նաեւ դեղերի արտադրամաս: Հանդիպել են Իրանի Սննդի ու դեղերի կազմակերպության (ՍԴԿ) ղեկավարի, ինչպես նաեւ ՍԴԿ ղեկավար անձնակազմի հետ:

Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել նաեւ իրանահայ անվանի բժիշկների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման նպատակով այցելել Հայաստան:

Նշենք, որ Իրան երկօրյա այցը Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով է: