Այս տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն եւ բարենպաստ համաճարակային ֆոնը՝ չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը եւ համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Շարունակվել է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաեւ երկրում «կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը:

Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ծառայությունները մատչելի ու հասանելի են բնակչության բոլոր խմբերի համար, ինչը փաստում են 2015 թվականին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված Իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարման գնահատման արդյունքները: Մասնավորապես, վերջին տարիներին դիտվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ (նպատակային ցուցանիշը՝ 90%). 1 տարեկան երեխաների շրջանում անհրաժեշտ պատվաստումների ամբողջական փաթեթը ստացած երեխաների ընդգրկվածությունը 86%-ից (2008թ.) աճել է մինչեւ 93% (2015թ.), 2 տարեկան երեխաների շրջանում՝ 82%-ից (2008թ.) մինչեւ 94% (2015թ.), 7 տարեկան երեխաների շրջանում՝ 93%-ից (2008թ.) մինչեւ 97% (2015թ.): Այստեղ միանշանակորեն առանցքային դերակատարում ունի  բնակչության գիտակցական մոտեցումը եւ վստահությունը պատվաստումային գործընթացի նկատմամբ:

Վերջին 15 տարվա ընթացքում հաջողությամբ ներդրված հեպատիտ Բ, ԿԿԽ, հնգավալենտ, ռոտավիրուսային եւ պնեւմակոկային վարակների դեմ պատվաստանյութերը վստահություն են ներշնչում բնակչության շրջանում եւ նպաստել են երկրում պատվաստումներով կառավարվող վարակիչ հիվանդացության եւ մանկական մահացության նվազեցմանը: Հատկանշական է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված մինչեւ հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների նվազեցումը՝ 2015 թվականին միջին տարեկան ցուցանիշը կազմել է 11.7 %, 2012 թվականի 34%-ի փոխարեն /նվազում մոտ 3 անգամ/:

Կարեւորելով պատվաuտանյութերի որակը եւ անվտանգությունը` հանրապետությունում 2015 թվականին զգալիորեն բարելավվել է պատվաuտանյութերի պահպանման եւ տեղափոխման համար անհրաժեշտ uառցային շղթան: Հանրապետության ազգային եւ մարզային պատվաստանյութերի պահպանման պահեստները համալրվել են ժամանակակից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության որակի չափանիշներին համապատասխանող uառնարան-սենյակներով ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով, իսկ 2016 թվականից հանրապետության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները եւս կհամալրվեն uառնարաններով, ինչպես նաեւ ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով՝ բացառելով մարդկային գործոնը այն հնարավորություն կտա լիարժեք հսկողություն սահմանել սառնարանների ջերմային ռեժիմի նկատմամբ:

 2015 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում մեկնարկել է նախազորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումների պլանային կարգով իրականացումը՝ ի լրումն 2014 թվականից սկսված զորակոչի ենթակա անձանց կանխարգելիչ պատվաստումների` նպատակ ունենալով սահմանել հետպատվաստումային շրջանում պատվաստվածների առողջական վիճակի նկատմամբ լիարժեք հսկողություն, ժամանակի առումով հնարավորություն ընձեռել պատվաստումներից հետո լիարժեք պաշտպանություն ձեւավորվելու համար: Նշվածից բացի, զորակոչիկը եւ նախազորակոչիկը հետպատվաստումային շրջանում գտնվում են ընտանիքում եւ չեն ենթարկվում փոփոխվող միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը` ի տարբերություն կանխարգելիչ պատվաստումների իրականացման նախկին մոտեցման: