2015-ի դեկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում մայրական մահացության 5 դեպք է արձանագրվել` այն դեպքում, երբ նախորդ երկու տարիներին այդ ցուցանիշը ութի էր հավասար: Այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին այն մասին, որ չնայած պաշտոնը ստանձնելիս իր «հեղափոխական խոստումներին», ցուցանիշները, մասնավորապես` մայրական մահացության, չեն բարելավվել: Միաժամանակ նա հավելել է, որ մայրական մահացությունից ապահովագրված չէ ոչ մի երկիր, նույնիսկ ամենազարգացածը:
Նախարարը նշել է, որ պաշտոնը ստանձնելիս ինքը ոչ մի «հեղափոխական խոստում» չի տվել, ինչ վերաբերում է ծննդօգնության ոլորտին, այն նախարարության մշտական վերահսկողության տակ է, իսկ ցուցանիշների բարելավման մասին թվերն իր ասածից ավելի խոսուն են:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ «այդ թվերը մեզ չեն բավարարում»` հավելելով, որ Հայաստանի նման երկրներում, որը 5 մլն-ից պակաս բնակչություն ունի, նվաճումները գնահատվում են եռամյա ցուցանիշներով, այդ պատճառով առայժմ վաղ է գնահատականներ տալու համար:
«Այդ մահերից յուրաքանչյուրը մեզ համար ողբերգություն է, եւ մենք պայքարելու ենք մայրական ամեն կյանքի համար», -հավաստիացրել է նախարարը:






