22-ամյա ՄեգգիՎորթենը քոլեջն ավարտելուց մեկ շաբաթ առաջ ինսուլտ է տարել ու կորցրել շարժվելու եւ խոսելու ունակությունը: Բժիշկները հայտնել են, որ նա այդպես էլ կմնա վեգետատիվ վիճակում: Բայց նրա մայրը չի հանձնվել:
Մեգգին ի վիճակի է եղել միայն մեկ աչքով նշան անել, եւ ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ նրա միտքն անվնաս է, բայց նա սեփական մարմնում հայտնվել է թակարդում: Աչքերի շարժումներին հետեւող թանկարժեք համակարգի օգնությամբ Մեգգին կարողացել է շփվել պարզագույն մակարդակով: Բայց համակարգը բարդ է եղել եւ նորմալ աշխատելու համար շատ ճշգրտումներ է պահանջել, ասում է Մեգգիի մայրը՝ Նենսի Վորթենը:
Այդ ժամանակ նրանք հանդիպել են Դեն Բաչերի հետ, հայտնում է Fox News-ը: Բաչերը SpeakYourMind հիմնադրամի հիմնադիրը եւ գործադիր տնօրենն է: Հիմնադրամը Ռոդ-Այլենդի Պրովիդենսում գտնվող ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը ոչ թանկարժեք տեխնոլոգիաներ է մշակում՝ վերականգնելու համար կապն այն մարդկանց հետ, որոնք ինսուլտի, ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի (ԱԿՍ կամ Լու. Գերիգի հիվանդություն), գանգուղեղային վնասվածքի կամ այլ խնդիրների պատճառով չեն կարողանում շփվել:
Մեգգին SpeakYourMind կազմակերպության հետ սկսել է աշխատել 2013-ի հուլիսին: Բաչերն ու նրա թիմը SYMeyes կոչվող հետեւող սարք են մշակել, որը կազմված է վեբ-տեսախցիկից եւ տեղադրված է hipster ակնոցների վրա: Այն ունի հատուկ ծրագրային ապահովում, ինչը Մեգգիին հնարավորություն է տալիս հայացքով այո կամ ոչ պատասխանել հարցերին:
Համակարգն արժե մոտ $ 30: Բաչերի խոսքով՝ նման համակարգերը շուկայում արժեն մոտ $10000-15000:
SpeakYourMind-ի մեկ այլ անդամ՝ 52-ամյա Ահարոն Լոդերը, տառապում է ԱԿՍ-ով կամ Լու. Գերիգի հիվանդությամբ՝ հիվանդություն, որն առաջացնում է նյարդային բջիջների եւ ողնուղեղի դեգեներացիա:
Կազմակերպությունը հատուկ ակնոց է մշակել, որպեսզի Ահարոնը կարողանա շփվել եւ կառավարել համակարգիչը, օգտվել Facebook-ից ու կապի մեջ լինել իր ընկերների հետ:






