ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և մայրության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին այն կապակցությամբ, որ «տորթը բաժանելիս» 2016թ. նրան հաջողվել է ոչ միայն թույլ չտալ փոքրացնել իր կտորը, այլ նաեւ ավելի մեծը ստանալ։
2016-2022թ. Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման նոր Հայեցակարգի քննարկման ժամանակ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը ճգնաժամ է ապրում, որը պայմանավորված է արտաքին գործոններով։ Սակայն չնայած Հայաստանի վրա համաշխարհային եւ տարածաշրջանային ճգնաժամի թողած ազդեցությանը՝ 2016թ. բյուջեի հաստատման ժամանակ առողջապահության ոլորտի ծախսերը ոչ միայն չեն կրճատվել, այլ նաեւ ինչ-որ չափով աճել են։
Նա նշել է, որ դա շատ կարեւոր է, եւ հիշեցրել է, որ Կառավարությունում տորթը բաժանելիս յուրաքանչյուր նախարարություն ջանում է հնարավորինս մեծ կտոր պոկել։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանն, իր ելույթի ժամանակ օգտվելով Արա Բաբլոյանի փոխաբերությունից, նշեց, որ Առողջապահության նախարարությունից բացի մի շարք գերատեսչություններին նույնպես կարելի է այդ տորթից ավելի մեծ կտորներ տալ այն պայմանով, որ նրանք կնպաստեն հասարակության առողջության պահպանմանը եւ իրենց դերը կխաղան առողջության գեներացիայի գործում։
Նա հավելել է, որ բնակչության առողջության պահպանումը միայն Առողջապահության նախարարության գործառույթը չէ, եւ կարեւոր է սահմանել, թե որ ոլորտներն ու գերատեսչությունները ինչ գործառույթ են կատարում այդ գործընթացում։
«Առողջության պահպանումը պետության տնտեսության եւ անվտանգության կարեւոր խնդիրն է։ Ոչ մի հասարակությունում հնարավոր չէ անվտանգություն ապահովել, եթե լուծված չեն առողջության խնդիրները։ Տնտեսական անվտանգությունը, տնտեսական աճը եւ կայունությունը մեծամասամբ պայմանավորված են այդ հասարակության առողջության ցուցանիշներով։ Միայն առողջ հասարակությունը կարող է բարիք ստեղծել եւ արդար բաժանել այն»,- ասել է նա։
Թաթուլ Հակոբյանը նշել է, որ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման նոր Հայեցակարգը ամբողջովին համապատասխանում է ԱՀԿ սկզբունքներին եւ չափանիշներին, եւ ԱՀԿ-ն կաջակցի դրա իրականացմանը։






