Սիրված  «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսներից գրեթե յուրաքանչյուրը որեւէ հոգեկան խանգարմամբ է տառապում, պնդում են Օքլենդի համալսարանից Սյուզան Հաթթերս-Ֆրիդմանը եւ Ռայան Հոլլը Ֆլորիդայի կենտրոնական համալսարանից` հոգեբույժներ, որոնք վերլուծել են այդ ֆիլմի բոլոր սերիաները:  

Դարթ Վայդերը, օրինակ, հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունի, որը հավանաբար ի հայտ է եկել մանկական հասակում սթրեսի հետեւանքով: Հեղինակները նրա մոտ ախտորոշել են նաեւ անձի սահմանային խանգարում, որը բնութագրվում է հուզական անկայունությամբ, տագնապի բարձր մակարդակով եւ իմպուլսիվությամբ: 

C-3PO ռոբոտը անձի սեւեռուն-հարկադրական խանգարման զոհ է` վիճակ, որի դեպքում հիվանդը տարված է սեւեռուն գաղափարներով:    

Չուբակի մոտ, որը հաճախ չմտածված է գործում եւ իր խնդիրներն ուժով է լուծում, հայտնաբերվել է անձի իմպուլսիվ խանգարում: Ինչպես բացատրել են հոգեբույժները, այդ հիվանդությամբ տառապող մարդիկ սովորաբար իմպուլսիվ են ու հակված են ագրեսիայի դրսեւորման: 

Ամիդալա թագուհու պահվածքը պերինատալ հոգեկան խանգարման ակնառու օրինակ է, պնդում են հոգեբույժները: 

Նրա աղջկա` Լեա արքայադստեր մոտ կարելի է հիստերիկ հոգեգարություն ախտորոշել, որը բնութագրվում է մեծ ուշադրության պահանջով: 

Ջաբբա Հաթը զրկված է հուզակցման զգացումից եւ խղճի խայթից, իսկ նրա անգթությունն ու անտարբերությունը հիմք են տալիս նրան հոգեգար կոչելու: 

Լենդո Կալրիսյանը խաղացող է, որը հիվանդագին կիրք է տածում մոլախաղերի հանդեպ: Մեծամիտ Ուիլհաֆ Տարկինը, որն անսահման հզորության եւ հարստության մասին է երազում, նարցիսականությամբ է տառապում: 

Հետազոտության հեղինակների համար ամենից բարդը մագիստր Յոդեի ախտորոշումն էր, որովհետեւ նրա պահվածքն այնքան էլ միանշանակ չէ, իսկ նրա խոսելաոճը կարող է հոգեկան խանգարման ախտանիշ լինել, ինչպես նաեւ այն կերպարի բաղադրիչ, որը նա ընտրել է իր նպատակին հասնելու համար: 

Հեղինակները կարծում են, որ լիովին հնարավոր է «Աստղային պատերազմները» օգտագործել որպես ուսանողների համար հոգեբուժության դասագրքի լավ օրինակ:  Ծանոթ կերպարներով հայտնի ֆիլմի դիտումը կօգնի ավելի լավ յուրացնել նյութը եւ հասկանալ տարբեր հոգեկան հիվանդությունների ախտանիշները: