ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) եւ նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի եւ դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով:

Արդյունքում հայտնաբերվել են ՀՀ-ում չգրանցված եւ ապօրինի ներմուծված մի շարք դեղեր, այդ թվում` «Химтех» անվանմամբ արտադրողի պիտակավորված (առանց արտադրողի հասցեի եւ սերիայի խմբաքանակի մասին տեղեկատվության) «Ֆուրացիլին» ակնակաթիլներ` 1:5000, 15մլ, ապակե սրվակ եւ «Ականջի կաթիլներ»` 15մլ, ապակե սրվակ տեղական արտադրության դեղերը, որոնք, ինչպես պարզվել է լաբորատոր փորձաքննությամբ, մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված որակական ցուցանիշներին եւ կարող են հանգեցնել մի շարք ախտահարումների, այդ թվում` տեսողական օրգանի:

Դեղատան նկատմամբ կիրառվել է գործող օրենսդրությամբ սահմանված տուգանք՝ 100 000 դրամի չափով եւ տրվել կարգադրագիր՝ խախտումները վերացնելու նպատակով: Միաժամանակ աշխատանքներ են տարվում անորակ, չգրանցված դեղն արտադրողի եւ այլ իրացնողների հայտնաբերման եւ շուկայից նշված դեղերի հետկանչի ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից եւ կիրառումից: