Ամեն տարի մանկաբուժության ոլորտի առաջատար մասնագետները տասնյակ երկրներից հավաքվում են Excellence in Pediatrics (Գերազանցություն մանկաբուժության մեջ) միջազգային համաժողովի, որի ընթացքում քննարկում են երեխաների եւ պատանիների առողջության պահպանման եւ բարելավման առավել այժմեական հարցեր: Այս տարի համաժողովն ընթացել է Լոնդոնում, դեկտեմբերի 10-12-ին եւ Հայաստանն այնտեղ ներկայացրել է «Արաբկիր» բժշկական կենտրոնին կից Երեխաների եւ պատանիների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Սարգսյանը նշել է, որ այս տարի համաժողովում մեծ ուշադրություն են դարձրել պատանիների առողջության հարցերին եւ դպրոցական տարիքի երեխաների վերաբերմունքին առողջությանը (Health behavior in school-age children, HBSC): Այս հետազոտությունն իրականացվում է աշխարհի 44 երկրում, որոնց թվում են եվրոպական եւ հյուսիսամերիկյան երկրները, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը: Հայաստանում, ինչպես նշել է մասնագետը, հետազոտության պիլոտային տարբերակն իրականացրել են 2005-ին, իսկ հետո` 2009-2010 թթ եւ 2013-2014 թթ-ին:
ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող հետազոտության նպատակն է գնահատել երեխաների եւ պատանիների (11, 13 եւ 15 տարեկան) ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը սոցիալ-տնտեսական պայմանների համատեքստում, ինչպես նաեւ ուսումնասիրել նրանց զարգացման եւ առողջության վրա տարբեր գործընթացների ազդեցությունը:
Համաժողովի ընթացքում հայկական կողմը ելույթ է ունեցել (keynote address speech) եւ այլ երկրներից գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացված վերջին HBSC-ի արդյունքները, ինչպես նաեւ պատմել է այլ աշխատանքների մասին, որոնք իրականացվում են այստեղ: Հայաստանը շատ հետաքրքիր է այլ երկրների ներկայացուցիչներին, նշել է Սերգեյ Սարգսյանը, չէ՞ որ Հայաստանը զարգացող, բարդ սոցիալ- տնտեսական իրավիճակում գտնվող երկիր է, չնայած որին մասնագետներին հաջողվում է արդյունավետորեն ծախսել առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները եւ մանկական մահացության ցուցանիշները բավականին ցածր մակարդակում պահել:
«Համաժողովում մենք ներկայացրեցինք մեր փորձն ու տեսլականն այն մասին, թե ինչ գործոններ են ազդում երեխաների առողջության վրա եւ ֆինանսական փոքր հնարավորությունների պայմաններում ինչ քայլեր կարելի է ձեռք առնել երեխաների եւ պատանիների առողջությունը պահպանելու համար», - նշել է Սերգեյ Սարգսյանը:
Ի՞նչ գործոններ են ազդում երեխաների առողջության եւ ապագայում նրանց բարեկեցության վրա: Մասնագետի խոսքով, այդ գործոնները քիչ չեն. օրինակ, այսօր երեխայի զարգացումը եւ առողջությունը, ինչպես նաեւ ապագայում մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը կախված են սննդից, կենսակերպից, ֆիզիկական ակտիվությունից եւ այլ գործոններից: Այդ պատճառով բոլոր երկրների առողջապահության համակարգերի խնդիրն է` երեխաների կենսակերպը եւ սննդակարգը բարելավելու ուղիներ գտնել. առողջության պահպանման եւ հիվանդությունների կանխարգելման վրա ծախսված ամեն լուման տարիներ անց լիովին կարդարացնի իրեն:
Հայկական կողմը համաժողովում հանդես է եկել նաեւ կլինիկական դասախոսություններով: Սակայն, ինչպես նշել է Սերգեյ Սարգսյանը, հայ մասնագետների համար նաեւ շատ կարեւոր էր ավելին իմանալ այլ երկրների փորձի մասին, որը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը, օրինակ, պատմել է դպրոցներում երեխաների սննդի կարգավորման իր երկրի փորձը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքում ավելի առողջարար սննդակարգ ներդնել, ինչն անկասկած ապագայում իր ազդեցությունը կունենա նրանց առողջության վրա:
Վեստմինստերյան աբբայությունում տեղի ունեցող համաժողովի դահլիճում ընդհանուր առմամբ մոտ 150 գիտական զեկույց եւ ելույթ է հնչել:









