Նյու Յորքում ձերբակալել են Turing Pharmaceuticals դեղագործական ընկերության ղեկավար Մարտին Սքրելիին, որն ԱՄՆ-ում սկանդալ է հրահրել՝ 55 անգամ բարձրացնելով հազվագյուտ ինֆեկցիոն հիվանդության դեմ նախատեսված դեղամիջոցի գինը:

ՀԴԲ-ն առայժմ չի պարզաբանում, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու 32-ամյա Սքրելիին:

Ավելի վաղ The New York Times-ը պարզել էր, որ Daraprim դեղորայքի մեկ չափաբաժինը նախկինում արժեր 13.5 դոլար, իսկ հիմա՝ 750 դոլար: Անգամ ԱՄՆ-ի համար աներեւակայելի այս բարձրացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգոստոսին Սքրելիի դեղագործական ընկերությունն Impax լաբորատորիային 55 մլն դոլար է վճարել՝ 62 տարի առաջ ստեղծված այդ դեղամիջոցի սեփականության իրավունքը ձեռք բերելու համար:

Daraprim-ը տոքսոպլազմոզի բուժման համար է, որով հաճախ տառապում են թույլ իմունային համակարգ ունեցողները, օրինակ՝ հղի կանայք, օնկոլոգիական հիվանդություններ կամ ՁԻԱՀ ունեցողները:

ԱՄՆ-ում սա լայն արձագանք է ստացել: Միացյալ Նահանգներում Daraprim-ին փոխարինող դեղամիջոց չկա: Սքրելին գնել է ամբողջ ապրանքը՝ մենաշնորհային դիրք զբաղեցնելով շուկայում եւ սեփական գնային քաղաքականությունը պարտադրելու հնարավորություն ստանալով: