Ոչ մի մանկատուն, նույնիսկ ամենալավը, չի կարող երեխայի համար փոխարինել ընտանիքին. Հենց ընտանիքը կարող է երեխային լավագույն խնամք եւ պաշտպանություն ապահովել: Այդ պատճառով Հայաստանում այսօր քննարկվում են երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի ներդրման ուղիները, որը կփոխարինի մանկատան խնամքը: Այդ մասին լրագրողներին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Խոշոր հաստատություններում երեխաների խնամքը մեծ թերություն ունի. նման երեխաներն ապագայում դժվարությամբ են ինտեգրվում հասարակությանը: Իսկ երբ երեխան ընտանիքում է մեծանում, հետագայում ավելի հեշտ է գտնում իր տեղը հասարակությունում: Այդ իմաստով մեզ համար շատ կարեւոր է այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգի ձեւավորումը, ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ սոցաշխատողի ինստիտուտի կայացումը», - պատասխանել է նախարարը:
Այսօր Երեւանում ընթացել է Հայաստանի` Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլ մասնագետներ քննարկել են 2015-ի ընթացքում կատարված աշխատանքը, ինչպես նաեւ այն որոշումներն ու օրինագծերը, որոնք պիտի ներկայացվեն Հայաստանի կառավարության հաստատմանը:
«Բոլոր այդ աշխատանքների նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության համակարգն ավելի արդյունավետ եւ գործուն դարձնելն է եւ երեխաների խնամքն ու ընտանիքներում նրանց պաշտպանությունն ապահովելը», - նշել է նախարարը:
Նա նաեւ ընդգծել է այն օգնության եւ աջակցության կարեւորությունը, որը Հայաստանի կառավարությունը ստանում է ԱՄՆ-ի կառավարությունից:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոկայն իր հերթին նշել է, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շատ բան դեպի լավն է փոխվում. Խորհրդային Միությունից մնացած խոշոր, կոռումպացված եւ վատ կազմակերպված հաստատություններից անցում է կատարվում երեխաների խնամքի այլընտրանքային ուղիների եւ երեխաների խնամքն ընտանիքներում, օրինակ` խնամակալների ընտանիքում կազմակերպելուն: Ծայրաստիճան կարեւոր է, որ ամբողջ գործընթացը ճիշտ պլանավորվի եւ իրականացվի երեխաների խնամքի լավագույն որակ ապահովելու համար, հակառակ դեպքում այդ երեխաները դարձյալ կարող են հայտնվել վերոհիշյալ հաստատություններում, իսկ դրանից ցանկալի է խուսափել, նշել է մասնագետը:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության որոշումների 5 նախագիծ է մշակվել եւ վարչապետի որոշման 1 նախագիծ: Հանձնաժողովն այսօր կքննարկի այդ նախագծերը, դրանց հաստատման անհրաժեշտությունը եւ ակնկալվող արդյունքները, իսկ շուտով նախագծերը կներկայացվեն կառավարությանը:






