Հայաստանում երեխաների որդեգրման գործընթացն ավելի պարզ ու թափանցիկ կդառնա, իսկ կոռուպցիոն ռիսկերը կնվազեցվեն: Այդ հարցերին է նվիրված փաստաթղթի 6 նախագծերից մեկը, որոնք մշակվել են Հայաստանի` Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից այդ ոլորտում խոշոր բարեփոխումների շրջանակում: Մոտ ապագայում այդ նախագծերը կներկայացվեն Հայաստանի կառավարությանը քննարկման եւ հաստատման համար:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը, նոր նախագծում նախ եւ առաջ ճշտել են երեխաների որդեգրման իրավական հիմքերը եւ այն, թե ճշգրիտ որ երեխաները կարող են որդեգրման ենթակա լինել: Օրենքի համաձայն, դրանք առանց ծնողների մնացած երեխաներն են (եթե, օրինակ, ծնողները մահացել են, դատարանի որոշմամբ զրկված են ծնողական իրավունքից կամ էլ իրենք են հրաժարվել իրենց ծնողական իրավունքներից):
Նոր օրենքի համաձայն, երեխա որդեգրել ցանկացող ծնողները կկարողանան թվային համար ստանալ եւ առցանց ցուցակ, որից կկարողանան իրենց պահանջներին համապատասխանող երեխա ընտրել: Հետո այդ երեխայի հետ հանդիպում կկազմակերպվի, որին կարող են ներկա լինել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, բայց այնպես, որ երեխան չտեսնի նրանց եւ իրեն ավելի ազատ զգա իրեն որդեգրել ցանկացող մարդկանց ներկայությամբ:
Ինչպես նշել է Դավիթ Հակոբյանը, նախագիծը եւս մի կարեւոր փոփոխություն է ներառում. ներկայումս կենսաբանական ծնողները պիտի համաձայնություն տան երեխայի որդեգրմանը, նոր նախագծի համաձայն, ողջ ծնողները երեխային մանկատուն հանձնելիս պիտի անմիջապես համաձայնագիր ստորագրեն այլ մարդկանց կողմից երեխայի հնարավոր որդեգրման վերաբերյալ
Նախագծի հեղինակների կարծիքով այդ բոլոր փոփոխությունները կարող են նվազեցնել Հայաստանում երեխաների որդեգրման կոռուպցիոն ռիսկերը, իսկ որդեգրման գործընթացը զգալիորեն կպարզեցվի:






