Հայաստանում կա հեմոֆիլիայով հիվանդ 232 գրանցած անձ, եւ նրանք բոլորն էլ մանկությունից հաշմանդամություն ունեն։ Սակայն կանխարգելիչ բուժման առկայության դեպքում հեմոֆիլիայի հարուցած բարդացումներից հնարավոր է խուսափել։ Այդ մասին մեզ ասել է Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի նախագահ Տանյա Խաչատրյանը։

Ի՞նչ իրենից է ներկայացնում կանխարգելիչ բուժումը:

Տանյա Խաչատրյանի խոսքով, երբ փոքր երեխայի մոտ հեմոֆիլիա են հայտնաբերում` ժառանգական հիվանդություն, որն ազդում է արյան մակարդելիության վրա, նրան շաբաթը 2-3 անգամ պակասող գործոնի որոշակի քանակության ներարկում է անհրաժեշտ, այդ դեպքում նրա արյան մակարդելիության մակարդակը չափազանց ցած չի ընկնի եւ դրա հետեւանքով նա արյունահոսություն եւ արյան զեղում չի ունենա: Հենց դա կանխարգելիչ բուժումն է: 

Հայաստանում նման բուժում չի իրականացվում, որովհետեւ առկա գործոնները բավարարում են սոսկ արյան զեղումներով եւ այլ բարդություններով հիվանդների բուժման համար: Բացի այդ, կարծիք կա, որ կանխարգելիչ բուժման դեպքում բարձրանում է հիվանդի օրգանիզմում այդ գործոնի հանդեպ հակամարմինների ի հայտ գալու ռիսկը: 

Հեմոֆիլիայով հիվանդներին մեծ քանակությամբ մակարդելիության գործոններ են անհրաժեշտ նաեւ վիրահատությունների եւ այլ պրոցեդուրաների ընթացքում, նշել է Տանյա Խաչատրյանը:  Եթե վիրահատությունների ընթացքում այդ գործոնները ժամանակին չներմուծվեն, հիվանդի մոտ կարող են լուրջ արյունահոսություններ սկսվել, որոնք ինքնուրույն չեն դադարի: 

«Մեր ասոցիացիայի նպատակը Հայաստանում մոտ ապագայում պրոֆիլակտիկ բուժման ներդրումն է, որովհետեւ խնդրահարույց տնտեսություն ունեցող երկներում անհամամետ ավելի շահավետ է կանխարգելում իրականացնել եւ հաշմանդամություն չունենալ, քան ապագայում խնդիրներ եւ բարդացումներ ունենալ», - նշել է Տանյա Խաչատրյանը: