27-ամյա Դեբորա Աշերը տամպոնի օգտագործումից հետո հիվանդանոց է տեղափոխվել: Նրան նախ թվացել է, որ իր մոտ գրիպ է սկսվում, բայց շուտով պարզվել է, որ դա տոքսիկ շոկի համախտանիշ է` հազվագյուտ, բայց շատ վտանգավոր մանրէածին վարակ:
Բուժման ընթացքում բժիշկները ստիպված են եղել Դեբորային արհեստական կոմայի մեջ դնել: Սակայն երբ հետո փորձել են արթնացնել նրան, երկու անգամ չեն կարողացել: Դեբորայի հարազտներին խորհուրդ են տվել պատրաստվել վատագույնին: Իսկ երբ նա համենայն դեպս ուշքի է եկել, փոքր երեխայի նման չի կարողացել խոսել, քայլել, ինքնուրույն լվացվել ու հագնվել: Նա չի կարողացել ճանաչել նաեւ ընտանիքի անդամներին, նույնիսկ հարազատ որդուն:
Այդ պահից ավելի քան 4 տարի է անցել, եւ բոլոր այդ տարիների ընթացքում Դեբորան սովորել է քայլել ու խոսել: Նրա հիշողությունը լավացել է, բայց նա առաջվա նման մոռանում է շատ բան այն ամենից, ինչ ընդամենը մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել: Այժմ Դեբորան հույս ունի, որ կկարողանա մտապահել այս տարվա Սուրբ Ծնունդը:
Մեծ Բրիտանիայում տարեկան 40 մարդու մոտ տոքսիկ ցնցման համախտանիշ է ախտորոշվում: Դա հազվագյուտ եւ կյանքի համար վտանգավոր մանրէածին վարակ է, որն առաջանում է ստաֆիլոկոկներից եւ ստրեպտոկոկներից: Սովորաբար այդ մանրէներն ապրում են մաշկի վրա, քթում եւ բերանում` ոչ մի անհանգստություն չպատճառելով, բայց դրանք կարող են հայտնվել արյան շրջանառության մեջ, որտեղ կսկսեն մահացու թույն արտազատել: Տոքսինները վնասում են հյուսվածքները, ներառյալ` մաշկն ու օրգանները, դրանք կարող են խախտել ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Տոքսիկ ցնցման ախտանիշներն են` 39-ից բարձր ջերմաստիճան, ուշաթափություն, մաշկի ցան, երեք եւ ավելի օրգանի աշխատանքի խախտում:






