Վաղաժամ հայտնվող կնճիռները եւ դեմքի այտուցվածությունը ամենատարածված խնդիրներն են, որոնցից բողոքում են դիմահարդարների հաճախորդները: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտաշխատողները կարծում են, որ կնճիռների եւ այտուցվածության ի հայտ գալուն զգալիորեն նպաստում են փափուկ բարձերը:  

Բժիշկների կարծիքով շատ մարդիկ տեղյակ են ձիգ ներքնակների օգտակարությանը, սակայն քչերն են մտածում, թե ինչ բարձեր են օգտակար. սովորաբար բարձերն ընտրում են ուղղակի ելնելով նրանից, թե որքան փափուկ եւ հարմարավետ են: 

«Մարդու առողջությունն ու արտաքին տեսքը կախված են նրանից, թե մարդն ինչ մակերեւույթին է քնում: Դա վերաբերում է ոչ միայն ներքնակներին, այլեւ բարձերին», - ընդգծել են մասնագետները:

Մասնագետները խորհուրդ են տալիս բավականաչափ կոշտ բարձեր ընտրել, որովհետեւ չափազանց փափուկները կարող են դեմքի մաշկի վիճակի վատացման պատճառ դառնալ: 

«Փափուկ բարձերը, ինչպես նաեւ փետրաներքնակները հանգեցնում են նրան, որ քնի մեջ օրգանիզմի արյան շրջանառությունը դանդաղում է: Դրա հետեւանքով կնճիռներ են առաջանում, այտուցվածություն, կորում է մարդու մաշկի առաձգականությունը», - պնդում են գիտնականները:

Մասնագետները նաեւ խորհուրդ չեն տալիս փետրաբարձերի վրա քնել, որովհետեւ դրանցում փոշու տզեր են բնակություն հաստատում, որոնք ալերգիկ հակազդեցություններ եւ նույնիսկ հիվանդություններ են առաջացնում (դեմոդեկոզ), որն ի վիճակի է բառացիորեն այլանդակել դեմքը: Նման բարձերին, բժիշկների կարծիքով, պետք է գերադասել  սինտեպոնայինները: