Հարեւան Իրանում այսպես կոչված խոզի գրիպի (A(H1N1)) պատճառով մահացության մի քանի տասնյակ դեպքի գրանցումից հետո այդ վարակը մեծ ուշադրություն է հրավիրել իր վրա: Սակայն, ինչպես նշել է  Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի Շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, վտանգավոր է ցանկացած գրիպ, ոչ միայն դրա տարատեսակները: 

Հիվանդի մոտ ցանկացած գրիպի հետեւանքով կարող են բարդացումներ առաջանալ, ոչ միայն H1N1-ի, որի մասին վերջերս այնքան հաճախ են խոսում: Ավելին, գրիպի ցանկացած տեսակը տեսականորեն կարող է մահվան հանգեցնել նպաստող խնդիրների առկայության եւ ճիշտ բուժման բացակայության դեպքում: Ինչպես նշել է մասնագետը, գրիպի բացարձակապես բոլոր տեսակները վտանգավոր են թույլ իմունիտետ եւ խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց, հղի կանանց, երեխաների եւ տարեց մարդկանց համար:  

Ավելին, գրիպի տարբեր տեսակները, որպես կանոն նույն եղանակով են ի հայտ գալիս. Հիվանդն ինքն էլ չի հասկանում, թե  ինքը գրիպի ինչ տեսակով է վարակվել` այսպես կոչված խոզի՞, թե ուրիշ: Միայն մասնագետների համար է կարեւոր իմանալ, թե այս սեզոնին գրիպի ճշգրիտ ինչ տեսակներ են տարածված, որպեսզի հիվանդների ավելի արդյունավետ պրոֆիլակտիկա իրականացնեն եւ ավելի ճիշտ բուժում: Իրենց` հիվանդներին այդ գիտելիքը ոչինչ չի տա: 

Լիանա Թորոսյանը հիշեցրել է, որ Հայաստան է բերվել գրիպի պատվաստանյութ եւ ռիսկի խմբին պատկանող մարդիկ կարող են անվճար պատվաստում ստանալ, որը նրանց կարող է պաշտպանել գրիպով վարակվելուց: