Բոլոր հակաբիոտիկների, նույնիսկ վերջին գծի դեղամիջոցների դեմ կայունություն ունեցող մանրէն, որ հայտնաբերվել էր Չինաստանում եւ Դանիայում, այժմ հայտնաբերվել է նաեւ Մեծ Բրիտանիայում: Բրիտանացի մասնագետները տեղեկացնում են, որ իրենք միայն երեք տարի անց էին սպասում Մեծ Բրիտանիայում կոլիստինակայուն միկրոօրգանիզմների ի հայտ գալուն:
Անգլիայի Առողջապահության դեպարտամենտի մասնագետները (Public Health England) վերլուծել են 2012-ից 2015-ի ընթացքում հավաքված մանրէների նմուշները: Կոլիստինի նկատմամբ կայունություն է հայտնաբերվել 15 նմուշում` ներառյալ սալմոնելայի եւ աղիքային ցուպիկի շտամները: Նմուշները վերցվել են ոչ միայն մարդկանցից, այլեւ կենդանիներից եւ խանութներում վաճառվող մսից:
Այդ ամենը վկայում է, որ կոլիստինի` ամենաանհույս դեպքերում նշանակվող ամենաուժեղ հակաբիոտիկի նկատմամբ կայուն շտամները շարունակում են հետեւողականորեն տարածվել ամբողջ աշխարհում: Մսի մանրէներն այնքան վտանգավոր չեն, որքան պնդում են առողջապահության մասնագետները, որովհետեւ դրանք մեռնում են ջերմային մշակման դեպքում: Սակայն հակաբիոտիկակայունությունը ամբողջ աշխարհում շատ լուրջ խնդիր է:
Հետազոտողները արդեն ցույց են տվել, որ այդ հակաբիոտիկի դեմ կայունությունը կապված է այն մուտացիայի ի հայտ գալու հետ, որն ազդում է mcr-1 գենի վրա: Մուտացիան կարող է փոխանցվել ոչ միայն մի սերնդից մյուսին, այլեւ` հորիզոնական եղանակով` տարբեր տեսակի մանրէների միջեւ:






