Գրիպի դեպքում ինքնաբուժմամբ զբաղվել ոչ միայն խորհուրդ չի տրվում, այլեւ դա կարող է շատ վտանգավոր լինել: Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի Շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, եթե գրիպի ախտանիշներ եք նկատում եւ բարձր ջերմություն (մոտ 39 աստիճան ըստ Ցելսիուսի), ավելի ճիշտ կլինի` բժշկի դիմել:
Նախ եւ առաջ շատ կարեւոր է հիշել, որ գրիպի դեպքում խորհուրդ չի տրվում հակաբիոտիկներ օգտագործել: Սակայն շատ մարդիկ կամ չգիտեն դրա մասին կամ էլ այդ նախազգուշացումն անտեսում են ցանկացած թուլության դեպքում շտապում են հակաբիոտիկներ գնել: Խնդիրն այն է, որ գրիպի (ինչպես եւ շատ ՍՇՎ-ների) առաջացման պատճառները հարուցիչներն են: Իսկ հակաբիոտիկները հարուցիչների դեմ անզոր են, դրանք կարող են սոսկ մանրէների սպանել: Եթե մարդը վարակիչ հիվանդության դեպքում հակաբիոտիկներ խմի, նրա օրգանիզմի հարուցիչներին ոչինչ չի պատահի, իսկ իմունիտետը կթուլանա` հարուցիչներին հնարավորություն տալով ավելի արագ եւ ակտիվորեն բազմանալ: Արդյունքում մարդը ոչ միայն չի բուժվի, այլեւ կարող է ավելի շատ հիվանդանալ:
Գրիպի դեպքում հակաբիոտիկներ արժե նշանակել միայն եթե բարդացումներ եւ ուղեկցող մանրէածին վարակներ կան, սակայն այդ դեղամիջոցները միայն եւ միայն բժիշկը պիտի նշանակի` նախապես համոզվելով, որ իրոք առկա է մանրէածին վարակ եւ կոնկրետ հակաբիոտիկն իրոք արդյունավետ չի լինի դրա դեմ:
«Մի մտածեք, թե գրիպը թեթեւ հիվանդություն է: Գրիպի խորամանկությունն այն է, որ կարող է այնպիսի հիվանդությունների սրացում առաջ բերել, որոնք տվյալ հիվանդն արդեն ունի», - հիշեցրել է մասնագետը:
Որոշ դեպքերում գրիպի բարդացումները եւս կարող են մահվան հանգեցնել: Այդ պատճառով անհրաժեշտ է գրիպը դիտարկել որպես պոտենցիալ վտանգ ներկայացնող հիվանդություն, որը չի կարելի սխալ բուժել եւ որի դեպքում չի կարելի ինքնաբուժմամբ զբաղվել: Իհարկե դա չի նշանակում, թե գրիպի դեպքում պետք է խուճապի մատնվել, բոլորովին ոչ: Ուղղակի անհրաժեշտ է համարժեքություն եւ գրագիտություն դրսեւորել, դիմել բժշկի եւ անհրաժեշտ բուժում ստանալ, խորհուրդ է տալիս մասնագետը:






