Օրերս Քուվեյթում կայացավ հայ-քուվեյթյան միջկառավարական Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստը: ՀՀ կառավարության պատվիրակության կազմում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Նախքան նիստը կայացած բանակցությունների եւ աշխատանքի արդյունքում` կողմերը նախապատրաստել էին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ:
Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստի ընթացքում կողմերը ստորագրեցին հուշագիրը, այսպիսով սկիզբ դնելով առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը:
Առողջապահության բնագավառում ստորագրված հուշագրի շրջանակում սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը կողմերն ամրագրեցին նաեւ հանձնաժողովի նիստի վերջնական արձանագրության մեջ:
Քուվեյթը զարգացած առողջապահական համակարգ եւ աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող երկիր է, ունի նաեւ ՀՀ տնտեսության կարեւոր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորություն: Հուշագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կաշխատի միջոցառումների իրականացման ուղղությամբ:






