Շատերը կրծքի քաղցկեղը կանացի հիվանդություն են համարում, բայց դրանով տղամարդիկ էլ են հիվանդանում, իհարկե պակաս հաճախակի, քան կանայք:   Ավելին, տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը սովորաբար ավելի ուշ փուլում է հայտնաբերվում, քան կանանց մոտ: 

Ինչպես նշել է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, դա հավանաբար կապված է նրա հետ, որ տղամարդիկ հազվադեպ են անհանգստանում իրենց կրծքագեղձերի համար եւ հազվադեպ են մտածում կանխարգելիչ ստուգումների մասին, մինչդեռ ժամանակակից կանայք, որպես կանոն, գիտեն, որ ցանկալի է ամեն տարի ստուգել կուրծքը, նույնիսկ եթե անհանգստացնող ախտանիշներ չկան:  

Տղամարդկանց նման վերաբերմունքը մի կողմից տրամաբանական է եւ լիովին արդարացված. քանի որ կրծքի քաղցկեղը հորմոնների հետ կապված հիվանդություն է, սովորաբար կանայք են հիվանդանում դրանով: Բայց խնդիրն այն է, որ երբեմն դա հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ, սակայն նրանք, նույնիսկ կրծքում գոյացություն շոշափելով, դրա վրա ուշադրություն չեն դարձնում եւ չեն դիմում բժշկի: 

Սովորաբար քաղցկեղային գոյացությունները կրծքում մինչեւ ամենաուշ փուլը չեն ցավում եւ առանձնապես անհանգստություն չեն պատճառում, ինչի համար տղամարդիկ կարծում են, որ ոչ մի խնդիր չկա եւ գոյացությունը ինքն իրեն կանցնի: Իսկ երբ նրանք վերջապես բժշկի են դիմում, պարզվում է, որ արդեն չափազանց ուշ է եւ նրանց արդեն դժվար է  օգնել:

Միայն Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում  2014-ին 193 տղամարդ  կրծքագեղձի հետազոտություն է անցել եւ նրանցից 4-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել.   2015-ի սկզբին կենտրոնում տղամարդկանց մոտ կրծքի քաղցկեղի եւս  4 դեպք են ախտորոշել:

Իհարկե, մասնագետները տղամարդկանց կոչ չեն անում ամեն տարի ստուգել կրծքագեղձերը, ինչպես որ դա խորհուրդ է տրվում կանանց: Սակայն բոլորը, անկախ սեռից, պիտի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ:  Եթե տղամարդն իր կրծքում գոյացություն է շոշափել, ցանկալի է չհետաձգել բժշկին այցը. ավելի լավ է` բժիշկը հերքի կասկածները, քան մարդը չափից ուշ իմանա իր ախտորոշումը: