Մրսածության ու հազի դեմ կոդեին պարունակող դեղամիջոցների չափաբաժնի գերազանցումը կարող է մահացու վտանգավոր լինել, նախազգուշացնում են բժիշկները: BMJ Case Reports ամսագիրը հայտնում է Իռլանդիայում բնակվող մի 14-ամյա աղջկա մասին, որը լրջորեն հիվանդացել էր 15 օր շարունակ հազի դեմ օշարակ խմելու հետեւանքով: Այդ օշարակը կոդեին էր պարունակում վաճառվում առանց դեղատոմսի:

Հոդվածագիրները նշում են, որ Իռլանդիայի Ազգային համալսարանի բժիշկների կարծիքով աղջկա առողջության լուրջ վատացման պատճառ է դարձել հենց հազի դեմ դեղի չափաբաժնի գերազանցումը: Ավելին՝ կոդեինի օգուտը մրսածության բուժման տեսակետից առհասարակ ապացուցված չէ:

Աղջիկը, որի անունը չեն հայտնում, տեղափոխվել էր շտապ օգնության բաժանմունք՝ նրա մոտ գիտակցության խառնաշփոթ էր, նա օրական 20 ժամ քնում էր, նաեւ տառապում հերթափոխվող գլխացավերից: Ժամանակի ընթացքում նա կորցրել էր նոր հիշողոթյուններ ձեռք բերելու ունակությունը:

Այդ ախտանշանների դրսեւորումից առաջ նրա մոտ 15 օր հարբուխ էր, որի պատճառով նա դպրոց չէր հաճախում ու օրական 2-3 գդալ օշարակ էր խմում: Բժիշկների խոսքով, աղջիկը չի գերազանցել չափաբաժինը, բայց ամենայն հավանականությամբ չափից երկար է այն խմել: Այս պահին խորհուրդ է տրվում նման օշարակն ընդունել երեք օրից ոչ երկար:

Մեզի անալիզները ցույց են տվել կոդեինի բարձր պարունակություն, ոչ մի այլ դեղամիջոց չի հայտնաբերվել: Աղջկան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ու նա ապաքինվել է, իսկ բժիշկները հիմա նախազգուշացնում են բոլոր երեխաներին ու նրանց ծնողներին, որ կոդեինի ավելցուկը կարող է առողջության համար լուրջ բարդությունների ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ: