«Մալաթիա» ԲԿ-ի ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավար Միքայել Ադամյանը խորհուրդ է տալիս Նոր տարվա տոնի ընթացքում սիրտ-անոթային խնդիրներից խուսափելու համար ամեն ինչում չափը պահել:
Ինչպես նա պարզաբանել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, այն հիվանդները, որոնց մոտ արդեն խնդիր է հայտնաբերված, պիտի անպայման խմեն իրենց դեղերը: Իսկ նրանք, ում մոտ ակնհայտ խնդիրներ չկան, պիտի հիշեն, որ այդ ժամանակաշրջանում նման խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը բավականին մեծ է:
«Հիմնական խնդիրներն ի հայտ են գալիս սննդի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահման հետեւանքով: Չարաշահում բառն արդեն իսկ խոսուն է: Եթե ամեն ինչ չափի մեջ անեք, ռիսկը զգալիորեն կնվազի: Հնարավոր կլինի հանգիստ վերապրել այդ բոլոր գործընթացները, ամեն ինչում չափը պահելով», - ասում է Միքայել Ադամյանը:
Տնից տուն գնալու ընթացքում սառից տաք անընդհատ անցումները եւս բացասաբար են ազդում անոթային համակարգի վրա, նշում է բժիշկը:
«Նոր տարին լավ տոն է, բայց չգիտեմ ինչու, մենք այն միայն կերուխումի ենք վերածում: Մեր հյուրասեր ժողովուրդը սիրում է շատ հետեւողականորեն հյուրասիրել, համարյա ստիպելով: Անընդհատ համտեսելով տնից տուն գնալը հետո լուրջ խնդիրների է հանգեցնում», - նշել է նա:






