2015-ին սրտի անհետաձգելի վիրահատոթյունների «Stent for life» ծրագրի հիվանդ է դարձել սրտի սուր կաթվածով 1463 մարդ: Նրանցից 1391-ը պսակաձեւ զարկերակների ստենտավորման վիրահատություն է անցել: Մնացածներն անվճար հետազոտություն են անցել, որը չի հաստատել ստենտավորման անհրաժեշտությունը: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Սրտաբանի կարծիքով, այդ ծրագիրը տարվա կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է, որովհետեւ ոչ միայն բժշկական, այլեւ սոցիալական նշանակություն ունի, չէ՞ որ սուր կաթվածով շատ մարդիկ ի վիճակի չեն վճարել ստենտավորման համար, որը կարող է փրկել նրանց կյանքը եւ պաշտպանել հաշմանդամությունից:
Ինչպես նշել է գլխավոր սրտաբանը, ծրագրում ներառված հիվանդների միջին տարիքը 63 տարին է: Հիվանդների 77 տոկոսը տղամարդիկ են, իսկ 23 տոկոսը` կանայք: Ծրագրի մասնակիցների 3.2 տոկոսը (45 մարդ) մահացել է հետվիրահատական շրջանում, 13 տոկոսի մոտ տարվա ընթացքում երկրորդ վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, սակայն, ինչպես նշել է մասնագետը, դա այնքան էլ մեծ թիվ չէ, որովհետեւ զարկերակի կրկնակի խցանման ռիսկը մոտ 25 տոկոս է (դեղային ստենտի օգտագործման դեպքում ռիսկը կրճատվում է մինչեւ 4-5 տոկոս, այդ պատճառով հիվանդների մի մասը հրաժարվում է անվճար ոչ դեղային ստենտից եւ գերադասում է ինքնուրույն վճարել դեղայինի համար):
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարից Հայաստանում գործում է «Stent for life» ծրագիրը: Դրա մասնակից կարող են դառնալ միայն այն անձինք, որոնք ներառված չեն անվճար բուժօգնության, այդ թվում ` ստենտավորման իրավունք ունեցող սոցիալական խմբերում: Ծրագիրը գործարկվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում սիրտ-անոթային հիվանդություններից մահերի բաժինը ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս է կազմում, իսկ սրտի կաթվածի դեպքում ստենտավորումը կյանքը փրկելու ամենաարդյունավետ մեթոդն է:
Ծրագիրը մեկնարկել է Երեւանի 4 բժշկական կենտրոնում, ինչից հետո դրան են միացել նաեւ բոլոր այն կլինիկաները, որոնք անգիոգրաֆիական ծառայություն ունեն, ինչպես նաեւ Գյումրի եւ Գորիս քաղաքների շրջանային հիվանդանոցները: Վերջիններիս շնորհիվ, ինչպես նշել է սրտաբանը, հնարավոր է եղել շատ հիվանդների ժամանակին օգնություն տրամադրել. անհրաժեշտ չէր հեռավոր շրջաններից նրանց Երեւան հասցնել` թանկարժեք ժամեր ծախսելով: Համլետ Հայրապետյանը նաեւ նշել է, որ հիվանդների 53 տոկոսը, որին ստենտավորում է արվել, Երեւանից են եղել, իսկ մնացած 47 տոկոսը` երկրի շրջաններից:






