Հայաստանում ուշացրել են ռադիոիզոտոպների բժշկական արագացուցչի տեղադրման աշխատանքների ավարտը: Այդ մասին նշվում է արագացուցչի գնման վարկի վճարումն ավարտելու վերաբերյալ որոշմանը կից պարզաբանող գրությունում:
5 մլն եվրո վարկի վերջին վճարումը` 480 հազար, նախատեսված է ավարտել մինչեւ 2015-ի դեկտեմբերի 31-ը: Այնուամենայնիվ, նախատեսված էր մինչ այդ, լիովին ավարտել արագացուցչի տեղադրումը եւ փորձարկումը, սակայն այդ աշխատանքները դեռ ավարտված չեն:
Պայմանագրի փոփոխման համար լրավճարներից խուսափելու համար շինարարությանը ղեկավարող ընկերությունը` ամերիկյան Global Medical Solutions-ը նախագծի ավարտման երաշխավորագիր կներկայացնի: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստին:
Հիշեցնենք, որ Բժշկական իզոտոպների կենտրոնի կառուցումն իրականացվում է բելգիական KBC բանկի աջակցությամբ: Global Medical Solutions ընկերության ղեկավարը ծագումով հայ Հայկ Բաքերջյանն է:
Կենտրոնը կտեղակայվի Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում, դրա ստեղծումը մոտ 30 մլն եվրո կարժենա:






