Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը   2015-ին բավականին հաջող էր  եւ կշարունակվի 2016-ին: Այդ մասին  լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: 

Նրա խոսքով,  2015-ին այդ ծրագրի իրականացման համար 1 մլրդ դրամ են հատկացրել, որը ծախսվել է սրտի սուր կաթվածով հիվանդների անվճար հետազոտման եւ ստենտավորման վրա:  2015-ին ծրագիրն ընդհանուր առմամբ 1463 հիվանդի է ներառել: Ծրագրի համար նման գումար կհատկացվի նաեւ եկող տարի, ընդ որում անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կավելացվի: 

Ինչպես նշել է գլխավոր սրտաբանը,  2015-ին հիվանդների թվի սահմանափակում չի եղել, նման սահմանափակում չի լինի նաեւ 2016-ին: Բոլոր հիվանդները, որոնք համապատասխանում են ծրագրի չափանիշներին  (հիվանդը պիտի միոկարդի  ST աստիճանի կաթված ստացած լինի (դա սրտի սուր կաթվածի ամենածանր տեսակն է, որը հայտնի է որպես լայնածավալ կաթված), միաժամանակ նա չպետք է ներառված լինի այն սոցխմբերում, որոնք անվճար բուժսպասարկման իրավունք ունեն), նույնիսկ եթե նրանց թիվն ավելի մեծ լինի, քան այս տարի, անվճար ստենտավորման հնարավորություն կստանան: 

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարից Հայաստանում գործում է «Stent for life» ծրագիրը: Դրանում կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք չեն մտնում անվճար բուժսպասարկման, այդ թվում ` ստենտավորման իրավունք ունեցող սոցիալական խմբերի մեջ: Ծրագիրը գործարկվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում սիրտ-անոթային հիվանդություններից մահերի մասնաբաժինը մահացության ընդհանուր համակարգում  48 տոկոս է կազմում եւ սրտի կաթվածի դեպքում ստենտավորումը կյանքը փրկելու ամենաարդյունավետ մեթոդն է: