Ռուսաստանը հայտ է ներկայացրել Էբոլա տենդի դեմ նոր պատվաստանյութը գրանցելու համար: Ինչպես նկատել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, ռուս մասնագետները պատրաստ են պատվաստել այն մարդկանց, որոնք վտանգավոր վայրեր են մեկնում:

«Էբոլայի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների եզրափակիչ փուլերն է անցնում ու մենք այսօր կարծում ենք, որ նրանք ովքեր վարակի պոտենցիալ օջախներ են մեկնում, կպատվաստվեն: Այսօր մենք պատրաստ ենք դա անել», - ասել է Աննա Պոպովան:

Նրա խոսքով, ռուսական պատվաստանյութի գրանցման համար փաստաթղթերն արդեն ներկայացված են:

«Եվ ակտիվ իմունիզացիայի միջոցներից բացի այսօր մենք ունենք նաեւ պասսիվ պաշտպանության միջոցներ բոլոր նրանց համար, ովքեր ռիսկի գոտում են կամ էլ վարակի օջախում, կամ էլ զբաղվում են այդ վիրուսի հետ աշխատանքով: Վստահ եմ, որ դա պատշաճ էֆեկտ կունենա», - նշել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը:

Էբոլա տենդի վերջին բռնկումը արձանագրվել էր գրեթե երկու տարի առաջ, երբ վիրուսը տարածվել էր Արեւմտյան Աֆրիկայի երկրներում: Առողջապահության Հհամաշխարհային կազմակերպության տվյալներով, համաճարակի սկզբից առայսօր ընդհանուր առմամբ աշխարհում Էբոլա տենդի ավելի քան 28 600 դեպք է գրանցվել, ավելի քան 11 300-ը մահացու ելքով: