Ֆրանսիացի գիտնականները նոր փրփուր են մշակել, որը ներարկում են ներակիչի օգնությամբ ու որն օգնում է վերականգնել ոսկորների ամրությունն ու ամբողջականությունը օսթեոպորոզի ու այլ հիվանդությունների դեպքում:

Կալցիումի ֆոսֆատի հիմքով ստեղծված՝ ոսկորների համար ցեմենտը արդեն մի քանի տարի է օգտագործվում է բժշկության մեջ, սակայն նոր նյութը, որը ստեղծել են Նանթի համալսարանի գիտնականները՝ Պյեր Վայսի ղեկավարությամբ, ավելի հարմար է հին ու փխրուն ոսկորների համար:

Նոր նյութի կարեւոր առավելություններից է ավելի քան 50 նմ տրամագծով մակրոծակոտկիներ առաջացնելու ունակությունը: Բոլոր մյուս ներարկվող ոսկրային ցեմենտները նման հատկություն չեն ունեցել, ինչը դժվարացրել է դրանց կիրառումը սպունգաձեւ ոսկրային հյուսվածքն ամրացնելու նպատակով:

Ոսկրային փրփրաձեւ ցեմենտն արագ ամրացնում է ոսկորները, իսկ դրա ներակումը գրեթե ոչ մի անհարմարություն չի պատճառում հիվանդներին: Կալցիումի ֆոսֆատից բացի փրփուրի կազմում կա նաեւ հիդրոգել, որն էլ իր հերթին նպաստում է օդի պղպջակների առաջացմանը:

Նոր նյութի գործածման արդյունավետությունը ստուգվել է ճագարների վրա: Գիտնականները արդեն պարզել են, որ փրփուրը թունավոր ազդեցություն չունի, բայց մինչ այն մարդկանց վրա կիրառելը դեռ անհրաժեշտ է բավականաչափ լրացուցիչ ստուգումներ անել:

Այս մասին հայտնում է Acta Biomaterialia գիտական ամսագիրը: