Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ (RECOVERY COLLEGE) առաջին հավաստագրերն է հանձնել առաջին 19 շրջանավարտներին եւ հավասար խորհրդատուներին:
Ինչպես հավաստագրերը հանձնելիս նշել է քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը, քոլեջը կայացել է եւ այսօր առաջին քայլն է արվել: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը, որի ջանքերով է ստեղծվել քոլեջը, ուղղեց գործընկերոջը` նշելով, որ առաջին քայլը կայացավ, երբ բացվեց քոլեջը, իսկ այսօր առաջին հանգրվանն է:
«ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ նշանակում է նոր մոտեցումներ հոգեբուժական ծառայությունների, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունների եւ սեփական խնդիրների հաղթահարման առումով», - նշել է նա:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Սողոյանը պատմել է, թե որն է քոլեջի հիմնական առանձնահատկությունը. մարդիկ, որոնք հոգեկան առողջության խնդիրներ են ունեցել եւ հաղթահարել են, դասավանդում են այնտեղ նրանց, ովքեր այժմ նման խնդիրներ ունեն կամ ովքեր ուզում են հոգեկան խնդիրների վերաբերյալ գիտելիքներ ստանալ:
«Նրանք դասավանդում են այն, ինչ վերապրել են եւ ներկայացնում են այն քայլերը, որոնց օգնությամբ ավելի հեշտ կլինի հաղթահարել խնդիրները: Եվ այդ դեպքում հնարավոր է ասել, որ մարդն ամբողջությամբ վերականգնվել է. ոչ միայն վերականգնել է ինքնաքննադատության կարողությունը, այլեւ չի ամաչում խոսել դրա մասին: Խնդիրներ ունեցող մարդկանց վրա նրա խոսքերը երբեմն ավելի լավ են ազդում, քան պրոֆեսիոնալներինը, որոնք հարյուրավոր գրքեր են կարդացել», - ասել է նա:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Բաղդասարյանը նույնպես պարզաբանել է, որ քոլեջում դասավանդում են ոչ միայն ոլորտի լավագույն մասնագետները, այլեւ այն մարդիկ, ովքեր հոգեկան առողջության ոլորտում սեփական խնդիրները հաղթահարելու մեծ փորձ ունեն եւ քոլեջի իրավահավասար խորհրդատու են: Իսկ քոլեջում սովորում են եւ մասնագետները, որոնք ցանկանում են նոր բան իմանալ, բարձրացնել որակավորումը, այնպես էլ հոգեկան խնդիրներով մարդկանց ընտանիքների անդամները: ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ հիմնական առանձնահատկությունն այն է, որ խնդիրներ ունեցող մարդիկ հանդես են գալիս ոչ թե հիվանդի կարգավիճակով, այլ` ուսանողի, ինչը նրանց պաշտպանում է հոգեկան խարաններից: Եվ նրանք, իրենց վիճակի մասին լիարժեք գիտելիք ստանալով, կարողանում են կառավարել այն:
Հավասար խորհրդատուներից մեկը` Հովսեփ Գրիգորյանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նախկինում ինքը սեւեռուն գաղափարներ ուներ, բայց հաղթահարել է իր խնդիրները ոչ ավանդական բժշկության օգնությամբ` շնչառական վարժությունների, մանտրաներ կարդալու, մեդիտացիայի: Նա ուրախ էր ներկայացնել իր փորձը եւ հույս ունի, որ ուրիշներին էլ դա կօգնի:
Լիլիթ Բաղդասարյանը հիշեցրել է, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի եւ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ջանքերով ստեղծված քոլեջը իր դռները բացել է հոկտեմբերի 1-ին: Հոկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 14-ը տեղի է ունեցել դասախոսությունների առաջին կուրսը 10 տարբեր թեմաներով, այդ թվում` հոգեկան հիվանդություն, սթրես եւ սթրեսի կառավարում, սեւեռուն գաղափարներ եւ գործողություններ, ագրեսիա, տագնապալի վիճակ, դեպրեսիա, վախեր եւ ֆոբիաներ, շիզոֆրենիա, հոգեվերլուծության առավելություններ եւ այլն:









