Մոլորակի ամեն երկրորդ չափահաս բնակիչը զարկերակային ճնշումն իջեցնող դեղերի կարիք ունի, պնդում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նրանց կարծիքով, այդ դեղերի ավելի հաճախակի օգտագործումը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել:
Սիստոլոգիական ճնշման ամեն 10 մմ իջեցում սնդիկի սյան երկայնքով 20 տոկոսով նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը, իսկ տարբեր պատճառներից մահացությունը` 13 տոկոսով, ինչպես ընդգծում են գիտնականները:
The Lancet ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ զարկերակային ճնշման դեղեր անհրաժեշտ է տալ մարդկանց` անկախ այն բանից, թե նրանք այդ պահին ճնշում ունեն, թե ոչ: Այդ կապակցությամբ մասնագետներն առաջարկում են փոփոխել ընտանեկան բժիշկների համար առկա ուղենիշները, որոնց համաձայն ներկայումս ճնշման դեղեր են նշանակում միայն նրանց, ում ճնշումը հետազոտման պահին բարձր է: Դրա փոխարեն գիտնականներն առաջարկում են գնահատել հիվանդների մոտ սրտի եւ ուղեղի կաթվածների ռիսկերը` ուշադրություն դարձնելով նրանց ընդհանուր առողջական վիճակին, ինչպես նաեւ այնպիսի վատ սովորույթների առկայությանը, ինչպիսին ծխելն է:
Գիտնականների խոսքով, մոտավորապես ամեն 4-րդ հասուն մարդը զարկերակային բարձր ճնշում ունի եւ համապատասխանում է այն չափանիշին, որի համաձայն ինքը նման դեղեր ընդունելու թեկնածու է: Սակայն այդ թվի ընդամենը երկու երրորդն է իրոք հաբեր ընդունում:
Գիտնականների կարծիքով, նման դեղամիջոցները պիտի նույնքան տարածված լինեն, որքան ստատինները: Միլիոնավոր մարդիկ ընդունում են դրանք սրտի կաթվածի կանխարգելման դեմ եւ շատ փորձագետներ համարում են, որ այդ դեղահաբերը հսկայական քանակությամբ կյանքեր են փրկել: Ստատինների ընդունումը հատկապես օգտակար է այն մարդկանց, որոնք արդեն բախվել են սրտի կաթվածների եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների:






