Ավստրալուհի լուսանկարիչ Սարա Մուրնեյնը նոր ֆոտոնախագիծ է կազմակերպել The Australian Breastfeeding Project (Կրծքով կերակրման ավստրալական նախագիծ), որի նպատակը հանրային վայրերում կրծքով կերակրելը խարանելու դեմ պայքարն է:
«Կարծում եմ, որ կրծքով կերակրումը ամենագեղեցիկ եւ բնական փորձառությունն է, որ կարող են ունենալ մայրը եւ երեխան», - իր վեբկայքում գրել է նախագծի հեղինակը: Խնդիրն այն է, որ չնայած տեղեկատվության նման ծավալի առկայությանը, շատ կանայք ամաչում են կրծքով կերակրել, հատկապես` հանրային վայրերում: Եվ հասարակության վերաբերմունքն էլ դրան ոչ միշտ է դրական:
Նախագծի շրջանակում լուսանկարիչը շրջել է ամբողջ Ավստրալիայով եւ լուսանկարել է կերակրող մայրերի: Լուսանկարներում բոլոր կանայք սպիտակ են հագած, ինչը խորհրդանշում է նրանց մաքրությունը եւ գեղեցկությունը:
Ծրագրին մասնակցելու համար ընդհանուր առմամբ 1300 կին է գրանցվել:















