«Դեղերի մասին» նոր օրենքը ուղղված չէ շուկայի մի քանի խոշոր խաղացողի շահերի սպասարկմանը, ուղղված չէ շուկայում նրանց գերիշխող դիրքի ապահովմանը, այլ ուղղված է նրան, որ դեղերի շրջանառությունը` նրանց արտադրության պահից մինչեւ սպառողներին հասնելը բերվի միջազգային ձեւաչափի: Այդ մասին 2015-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` մեկնաբանելով այն մտավախությունները, որոնք կան «Դեղերի մասին» նոր օրենքի հետ կապված:
Նրա խոսքով, նոր օրենքը թույլ է տալիս երաշխավորել դեղերի անվտանգությունն ու մատչելիությունը: Նա նշել է, որ պետությունը մինչ այժմ չի կարգավորել դեղերի գները, իսկ նոր օրենքը հնարավորություն է տալիս ինչ-որ առումով միջամտել շուկայի գործունեությանը:
«Դա ազատականացման դեմ չէ, ինչպես կարող են ներկայացնել մեր ընդդիմախոսները: Ազատական Եվրոպայում իրականացվում է գների կարգավորման պետական մեխանիզմ, նույն կերպ են վարվում նաեւ ԵԱՏՄ երկրներում: Մենք չենք կարող այլ կերպ վարվել, գոնե պետգնումների մասով», - ասել է նա:
Նախարարը հավելել է, որ գործող օրենսդրության շրջանակում ցանկացած դեղատուն կարող է լցված լինել անօրինականորեն ներկրված եւ երկրում չգրանցված դեղերով, իսկ դրա համար չնչին տուգանքներ են նախատեսվում, եւ այդ նույն խոշոր դեղագործական ընկերությունները, որոնց մասին խոսվել է, հանգիստ կարող են վճարել դրանք ու շարունակել նույն ոգով: Նոր օրենքում, նրա խոսքով, ամեն անօրինական դեղահաբի համար լուրջ տուգանքներ են նախատեսված:
«Օրենքը բավականին խիստ է եւ ուղղված է դեղերի որակի, անվտանգության եւ մատչելիության հարցի լուծմանը», - ասել է նա:






