Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չի բացառում դեպքերը, երբ պետպատվերով բուժումը «ծանոթով» ստանում են մարդիկ, որոնք սոցիալապես անապահով չեն: Սակայն, ինչպես նա ասել է դեկտեմբերի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այդ դեպքերը չեն կարող ստվեր նետել առողջապահության ողջ համակարգի վրա՝ հաշվի առնելով, որ 2014թ. 410 000 հոսպիտալացման դեպքերից 329 000-ի դեպքում մարդիկ բուժում են ստացել պետպատվերի շրջանակներում:
Նրա խոսքով՝ մի քանի դեպքը կամ անգամ տասնյակ դեպքերը եղանակ չեն ստեղծում:
Նախարարը համաձայն է, որ ոլորտում պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, եւ արդյունքներն իրեն չեն բավարարում, քանի որ ավելի մեծ հավակնություններ ունի:
Նա նշել է, որ չէր ցանկանա, որ կոռուպցիոն ռիսկեր եզրը ընկալվի միայն որպես բացարձակ ֆինանսական ռիսկ բժշկի կողմից: Նրա խոսքով՝ խնդիրն ավելի լայն է, եւ կոռուպցիոն ռիսկերը նշանակում են չկարգավորված, չռեգլամենտավորված հարաբերությունների արդյունքում առաջ եկած որոշակի չարաշահումներ, որոնք կան իրականում: Այդ պատճառով նախարարը ենթադրում է, որ խնդրի լուծումը հարաբերությունները նորմատիվ ոլորտ տեղափոխելն է, եւ այդ ուղղությամբ Առողջապահության նախարարությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում:






