Լեգեոնելլոզի` «լեգիոներների հիվանդության» բռնկում է արձանագրվել իսպանական Մանսանարես քաղաքում (Կաստիլիա-Լա-Մանչայի ինքնավար մարզ): Ինչպես հաղորդել են ինքնավար մարզի իշխանությունները, ներկայումս  205 վարակված կա:

Վարակվածներից 46-ը հիվանդանոց է տեղափոխվել, վեցի վիճակը ծանր է: Բացի այդ, հիվանդությունից 84 եւ 73 տարեկան երկու տղամարդ է մահացել:

Ինչպես նշել են ինքնավար մարզի իշխանությունները, վարակվածների թիվը կարող է ավելանալ: Հիվանդության թաքուն շրջանը 10 օր է կազմում, մինչդեռ տուժածների մեծամասնությունը բժշկական օգնության է դիմել ախտանիշների  ի հայտ գալուց ընդամենը մեկ շաբաթ անց: Դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում նրանք շփվել են այլ մարդկանց հետ, որոնց կարող էին վարակել:  

Լեգեոնելլոզը սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է լեգեոնելլաների դասին պատկանող միկրոօրգանիզմներից:  Սովորաբար հիվանդությունն ընթանում է արտահայտված տենդով, թունավորմամբ, թոքերի, կենտրոնական նյարդային համակարգի, մարսողության օրգանների վնասմամբ:  Բացի այդ, հնարավոր է պոլիօրգանային անբավարարության համախտանիշի զարգացում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Բնության մեջ լեգեոնելլաներն ամենից հաճախ հանդիպում են քաղցրահամ ջրամբարներում: Բացի այդ, մանրէների այդ տեսակն ապրում է արհեստականորեն ստեղծված ջրամբարներում: Մասնավորապես` լեգեոնելլան կարող է  «տեղավորվել» սառեցման արդյունաբերական եւ կենցաղային համակարգերում, ցնցուղներում, ջրմուղ կամ  բժշկական խողովակներում: 

 «Լեգեոներների հիվանդություն» անվանումը կապված է Փենսլիվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում 1976-ին առաջին խոշոր բռնկման հետ` Ամերիկյան լեգեոնի    (պատերազմի վետերանների կազմակերպության) համագումարից հետո: Այն ժամանակ միջոցառումից հետո ավելի քան 220 մարդ լեգեոնելլոզով էր վարակվել, նրանցից 34 –ը մահացել էր: