Հաճախ կարելի է կարծիք լսել այն մասին, որ խմիչքի նկատմամբ թուլություն ունեցող տղամարդիկ ինտիմ հարաբերություններում հաճախ «վրիպում» են: Սակայն ավստրալացի գիտնականները հերքում են այդ առասպելը:
Արեւմտյան Ավստրալիայի Քեոֆի անվան Բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների խումբը պարադոքսալ եզրահանգում է արել. ալկոհոլն ի վիճակի է զգալիորեն բարելավել տղամարդկային պոտենցիան, չնայած այդ թեմայով տարածված տեսությանը:
Journal of Sexual Medicine ամսագրում ներկայացված հրապարակման տվյալներով, «չափավոր քանակով ալկոհոլ օգտագործող տղամարդկանց մոտ ինտիմ խնդիրները 30 տոկոսով պակաս են այն տղամարդկանց համեմատ, որոնք թեյ կամ այլ անվնաս ըմպելիքներ են օգտագործում»:
Հետազոտությունների այդ եզրահանգումը հիմնված է արական սեռի 1580 ավստրալացու կյանքի ուսումնասիրման վրա:
Հետազոտության մասնակիցների վերաբերյալ գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչ թնդության եւ ինչ քանակի խմիչքներ են օգտագործում, ինչպես նաեւ` ինչ խնդիրների են բախվել իրենց սեռական կյանքի ընթացքում: Արդյունքում բժիշկները զարմանալի օրինաչափություն են հայտնաբերել. այն տղամարդիկ, որոնք շաբաթը 5 օր մինչեւ 4 չափաբաժին ալկոհոլ էին օգտագործում, լիովին բավարարված էին էրեկցիայի որակից եւ չէին բողոքում նրա խախտումներից:
Միաժամանակ հազվադեպ խմող տղամարդկանց առումով հակառակ կապն էր դիտարկվում` նրանք, ովքեր շատ հազվադեպ էին ալկոհոլ օգտագործում, ավելի որակյալ սեռական հարաբերություններ էին ունենում, քան ժամանակ առ ժամանակ խմողները:
Հետազոտողները նաեւ ընդգծում են, որ տվյալ աշխատանքի արդյունքները չեն կարող ջնջել այն, ինչ գիտությունն ավելի վաղ պարզել էր խմիչքի եւ ինտիմ կյանքի մակարդակի միջեւ կապի վերաբերյալ: Հեղինակների խոսքով, իրենց ստացած ցուցանիշները չեն հերքում այն փաստը, որ սեռական հարաբերություններում ամենալուրջ խնդիրն ունենում են նրանք, որոնք տառապում են հարբեցողությունից եւ նույնիսկ նրանք, ովքեր բուժվում են դրա դեմ:






