Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունին Նոր տարին, որպես կանոն, վիրահատարանում է անցկացնում:  2015-ի հունվարի 1-ի գիշերը, օրինակ, պայքարում էին մի երիտասարդ տղայի կյանքի համար, որին ռեստորանում Նոր տարին նշելիս դանակահարել էին:  

Ինչպես նա ասաց NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, վերակենդանացման բաժանմունքներում ամանորյա հերթապահությունները միշտ շատ լարված են անցնում:  Մարդիկ խմում են, վթարներ եւ բախումներ են լինում, բաժանմունք են բերում ծանր վնասվածքներով, հրազենից եւ դանակից առաջացած վերքերով մարդկանց: 

Նրա խոսքով, ամբողջ հանրապետությունում Նոր տարուն եւ ընդհանրապես բոլոր տոներին հերթապահության են նշանակվում ամենափորձառու բժիշկները, որոնք կարող են արագ համապատասխան բուժօգնություն կազմակերպել: Հիվանդանոցների մնացած ամբողջ անձնակազմը եւս այդ օրերին զգոն է լինում, որովհետեւ եթե զանգվածային դեպք լինի, նրանք բոլորը պարտավոր են աշխատանքի անցնել, չնայած տոներին:  

Բժշկի խոսքով, վերակենդանացման բաժանմունքում ալկոհոլի օգտագործումը բացառված է, եւ բժիշկներն իրենք հստակ գիտակցում են, որ դա անընդունելի է:  «Մնացած ամեն ինչը` խմել, շնորհավորել հետո է լինում, երբ հերթապահ բժիշկն իր հերթափոխը հանձնում է ու տուն է գնում», - նշել է նա:

Անատոլի Գնունու կարծիքով, Նոր տարվա օրերին ողբերգական դեպքեր են պատահում ալկոհոլի օգտագործման հետեւանքով, որովհետեւ մարդիկ թուլանում են, կորցնում են զգոնությունը: Հետտոնական օրերին, նրա խոսքով, ծանրաբեռնվածության հետեւանքով մեծանում է սրտի եւ ուղեղի կաթվածների թիվը: 

«Վերակենդանացման բաժանմունքում ցավոք շատ են մահացու ելքով դեպքերը, որովհետեւ դա այն բաժանմունքն է, որտեղ հայտնվում են ամենածանր հիվանդները: Այստեղ միշտ պայքար է ընթանում կյանքի եւ մահվան միջեւ:  Վիճակագրական տվյալների համաձայն, վերակենդանացման բաժանմունքում մահացությունը  25 տոկոս է կազմում: Իսկ մենք ամենից շատ հիշում ենք ոչ թե նրանց, ով մահացել է, այլ նրանց, ում հաջողվել է փրկել», - նշեց մասնագետը:

«Այն մարդիկ, ում մենք փրկում ենք, մեզ ուժ են տալիս, որովհետեւ երբ մարդը միշտ մահ է տեսնում, շատ արագ կարող է սպառվել եւ միայն փրկության դեպքերն են ուժ տալիս շարունակելու աշխատանքը », - ասել է նա` հավելելով, որ բոլոր այդ հիվանդներին բաժանմունքում անվանապես հիշում են: