Հնդկաստանի Նյու-Դելլի քաղաքում կայացել է Խաղաղ-օվկիանոսյան ասիական ասոցիացիայի հերթական մոնոթեմատիկ գիտաժողովը` նվիրված «Հեպատիտ Ց` վարակ և հիվանդություն» թեմային։ Գիտաժողովին մասնակցել է 30 երկրի 1200 մասնագետ։ Հայաստանի Հանրապետության լյարդաբանները ներկայացրել են այս ոլորտում մեր երկրում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև տարբեր երկրների լյարդաբանների հետ համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության՝ գիտաժողովում աննկատ չի մնացել հայ լյարդաբանների եւ Հայկական լյարդաբանական ֆորումի նախաձեռնողականությունը վիրուսային հեպատիտների դեմ պայքարի և բուժման նոր մեթոդների կիրառման գործում: Այն հանգամանալից ներկայացվել է Հայկական լյարդաբանական ֆորումի ղեկավար Հասմիկ Ղազինյանի «Հեպատիտ Ց-ն Հայաստանում. ներկա իրավիճակը և ապագա ծրագրերը», ինչպես նաև «Վիրուսային հեպատիտ Ց` արտալյարդային կլինիկական արտահայտություններ» դասախոսություններով։ Լյարդաբան-վարակաբան Նարինե Սարգսյանցի ստենդային շնորհանդեսը եւս նվիրված էր վիրուսային Ց-ին։ 

Առաջիկայում Ճապոնիայում կայանալիք Ասիական ասոցիացիայի տարեկան գիտաժողովում եւս Հայաստանը ներկայացված կլինի։ Հայ լյարդաբանների պատվիրակությունը այս անգամ եւս կներկայանա դասախոսություններով եւ երկու ստենդային շնորհանդեսով։ Հայկական պատվիրակությունը` որպես հրավիրյալ փորձագետ, Ճապոնիայում կմասնակցի Ասիական միջազգային ուղեցույցների հաստատմանը: