Որոշ բժիշկներ չեն կարող Նոր տարին դիմավորել ընտանիքի գրկում. դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերը նրանք երբեմն ստիպված են լինում անցկացնել հիվանդանոցում` հերթապահելով եւ ընդունելով հիվանդների, որոնք անհետաձգելի  օգնության կարիք են ունենում:  Ինչպե՞ս են վերակենդանացման բաժանմունքում աշխատող բժիշկները դիմավորում Նոր տարին: Ինչպե՞ս են անցնում ամանորյա հերթափոխները:   Շա՞տ մարդ է հայտնվում հիվանդանոցում  ամանորյա տոների ընթացքում:  NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է պարզել դա:  

Հրաչուհի Ղազարյանը, որը «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսի բաժանմունքի պատասխանատուն է, նշել է, որ ամանորյա տոների ընթացքում հերթապահությունները սովորաբար ավելի լարված եւ ծանրաբեռնված են լինում, քան այլ օրերի: Դա հավանաբար կապված է այն բանի հետ, որ ամանորյա տոների օրերին պոլիկլինիկաները չեն աշխատում եւ բուժօգնության կարիք ունեցող բոլոր մարդիկ միանգամից հիվանդանոցներ են դիմում: 

Եթե սովորական օրերին նույն «Արաբկիր» ԲԿ-ի ընդունարանով մոտ 50-60 հիվանդ է անցնում (հիմնականում` երեխաներ), տոների օրերին նրանց թիվն աճում է մինչեւ   130 մարդ: Իհարկե, ոչ բոլոր հիվանդները հիվանդանոցում մնալու կամ վերակենդանացման բաժանմունքում բուժվելու կարիք ունեն. ոմանց ուղղակի ամբուլատոր բուժում են նշանակում: Երբեմն հենց Նոր տարվա գիշերը կլինիկա են դիմում  թունավորումներով հիվանդներ: Հաճախ պատահում են նաեւ առկա խրոնիկական հիվանդությունների սրացումներ, որոնք եւս մարդկանց հիվանդանոց են հասցնում տոների օրերին: 

Որպեսզի ուրախացնեն այն երեխաներին, որոնք ստիպված են լինելու Նոր տարին հիվանդանոցում դիմավորել, բոլոր բաժանմունքները, ինչպես նշել է Հրաչուհի Ղազարյանը, զարդարում են եղեւնիներով եւ ծաղկաշղթաներով: 

Այդ հերթափոխներն ինչպե՞ս են անցնում բժիշկների համար: 

Ամանորյա հերթափոխները իհարիե տարբեր են լինում, նշել է Հրաչուհի Ղազարյանը: Երբեմն հերթապահ բժիշկներն այնքան զբաղված են լինում, որ չեն նկատում, որ արդեն ժամը տասներկուսն է: Իսկ երբեմն, եթե ժամանակ է լինում, հասցնում են շնորհավորել իրար եւ ջուր կամ հյութ խմել: Ինչպես նշել է մասնագետը, կլինիկայում ալկոհոլ չեն խմում:  

«Այդ օրը հերթապահող բժիշկները սովորաբար ստիպված են լինում Նոր տարին տոնել երկու օրից. հաջորդ օրը նրանք վերականգնվելու են ծանր հերթափոխից հետո: Մենք նաեւ կատակով ասում ենք, որ ամբողջ տարին ստիպված են լինելու հերթապահել», - ասել է բժիշկը:

Հայաստանի Առողջապահության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ «Հայաստան» ԲԿ-ի թունաբանության բաժանմունքի բժիշկները նոր տարվա գիշերը հազվադեպ են տոնի ժամանակ կամ տրամադրություն ունենում. այդ գիշեր հաճախ իրար հետեւից ալկոհոլային ծանր թունավորմամբ հիվանդների են բերում: Հիվանդների ամենամեծ քանակությունը, որ վերջին տարիներին ստիպված են եղել ընդունել Նոր տարվա գիշերը,  9-ն է:

Իսկ եթե ժամանակ է լինում, ինչպես նշել է Միքայել Գաբրիելյանը, շնորհավորում են իրար եւ հյութ են խմում, բայց ոչ ալկոհոլ: 

«Պատկերացնո՞ւմ եք` բժշկից ալկոհոլի հոտ գա:  Ինչպե՞ս կվերաբերվեիք նման բժշկին:  Եթե դու բժիշկ ես եւ եկել ես այդ օրը հերթապահելու, խմելը բացառված է», - նշել է թունաբանը:

Վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Սիրանուշ Ավագյանը  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ ինքը երբեմն ստիպված է եղել վիրահատարանում դիմավորել Նոր տարին: Եթե վիրահատություններ չեն լինում, լինում են թունավորումներով, վնասվածքներով (նույնիսկ դանակային վնասվածքների դեպքեր են եղել), ուղեղի արյան շրջանառության խախտումներով, հիպերտոնիկ նոպաներով, արյունազեղումներով  (հատկապես աղեստամոքսային տրակտում) եւ այլ խնդիրներով հիվանդներ:  Պատահում է, որ մի հերթափոխի ընթացքում վերակենդանացման բաժանմունքը մինչեւ 16-17 հիվանդ է ընդունում:

Նույնիսկ եթե Նոր տարվա գիշերը բաժանմունքում համեմատաբար հանգիստ է լինում, բաժանմունքի բժիշկները չեն հեռանում այնտեղից, նշել է Սիրանուշ Ավագյանը: Բժիշկների սենյակում փոքրիկ սեղան են բացում, որի վրա է հայտնվում տնից բերված սնունդը: Որոշ բժիշկներ իրենց «դիրքերում» են մնում, երբեմն գալիս են բժիշկների սենյակ` սեղանի մոտ, իսկ գործընկերները փոխարինում են նրանց ու հետեւում են հիվանդների վիճակին: