Հայաստանի առողջապահության համակարգին հատկացված ընդհանուր բյուջեն 2014-ին կավելանա 12 մլրդ դրամով: Թե այս գումարի որ մասը կհատկացվի հուլիսի 1-ից բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը՝ առայժմ հայտնի չէ, ինչպես այս հարցին վերաբերող շատ այլ թվեր եւս…
Ամենը բացատրվում է նրանով, որ բյուջեն հաշվարկելիս նկատի է առնվում միջին արժեքը, որը ենթադրում է միջին աշխատավարձը: Սպասարկվող բնակչության թվի մեծացման կամ փոքրացման դեպքում աշխատավարձը համապատասխանաբար կփոխվի:
Ստույգ նշվում է, թերեւս, միայն մեկ թիվ՝ 2014-ի հուլիսից ամբուլատոր բուժհաստատություններում (պոլիկլինիկաներ (համաբուժարան)) միջին աշխատավարձը կկազմի 160 հազար դրամ (ներկայիս 100-110 հազար դրամի փոխարեն): Այս թիվը NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում հնչեցրեց Հայաստանի առողջապահության նախարարության Առողջապահության Պետական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը: Ամբուլատորիաների բժիշկների նվազագույն աշխատավարձի վերաբերյալ մեր հարցին իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ նույն կերպ պատասխանեց նաեւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ամբուլատորիաների բժիշկները, արձագանքելով հրապարակված նյութին, որոշակի անվստահությամբ վերաբերվեցին նշված թվին եւ խնդրեցին այս թեման տեսադաշտում պահել՝ այն անպայման բարձրացնելով ամռան վերջին նախարարի հետ զրույցի ժամանակ, եթե խոստացվածը չիրականացվի: Արդեն հիմա պետությունը չի տվել ամբուլատորիաների բժիշկների, ինչպես նաեւ ստացիոնարների առաջին երկու ամիսների աշխատավարձը:
Մենք Հայաստանի առողջապահության նախարարության Առողջապահության Պետական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանին խնդրեցինք աշխատավարձերի գալիք բարձրացման վերաբերյալ մի քանի լրացուցիչ պարզաբանում անել: Բայց զրույցը, այնուամենայնիվ, սկսեցինք պարտքերին վերաբերող հարցից:
- Բանն այն է, որ որոշ մեխանիզմների փոխվելու հետ կապված՝ մենք մարզերից չափազանց ուշ ստացանք պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների կողմից սպասարկվող բնակչության թվի մասին տեղեկությունները, այս պատճառով էլ աշխատավարձերն ուշացան: Այս շաբաթվա վերջից մինչեւ ամսվա վերջ բոլոր պարտքերը կմարվեն:
- Ինչպիսի՞ն են վերը նշված նորմատիվների նվազագույն եւ առավելագույն թվերը նեղ մասնագիտացման բժիշկների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների համար:
- Ընտանեկան բժիշկների կողմից սպասարկվող բնակչության նվազագույն թվաքանակը 1000-ն է, իսկ առավելագույնը 2300 է: 1 մեծահասակ բնակչի (տարիքը` 18 եւ բարձր) համար բժշկի վարձատրության նորմատիվը միջինում կազմում է 64.41 դրամ, իսկ 1 երեխայի համար (մինչեւ 18 տարեկան)` 121.33 դրամ: Բժշկի մոտ գրանցված բնակչության թվաքանակից եւ տարիքային կազմից կախված էլ ստացվում է բժշկի աշխատավարձը:
Միաժամանակ ընտանեկան բժիշկը վարձատրվում է նաեւ իր կողմից իրականացված լաբորատոր- գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար՝ փաստացի կատարված աշխատանքների համամասնությամբ:
- Ի՞նչ անեն այն շրջանների պոլիկլինիկաներն ու բժիշկները, որտեղի բնակչության թիվը փոքր է:
-Նման դեպքերում խորհուրդ է տրվում իրականացնել սպասարկման տարածքների խոշորացում՝ բուժհիմնարկների օպտիմալացման (միավորման) միջոցով, ինչպես նաեւ վերանայել բուժանձնակազմի թվաքանակը եւ թողնել միայն անհրաժեշտ պահանջվող թվաքանակի աշխատողներ:
- Հաշվարկների ժամանակ հաշվի առնվո՞ւմ են նեղ մասնագետների աշխատավարձերը, որոնք դիսպանսեր հիվանդների կամ պոլիկլինիկայի այցելուների հետ կոնսուլտացիաներ են անում:
- Դա հաշվի է առնվում միայն մարզային պոլիկլինիկաներում, որտեղ աշխատող նեղ մասնագետների մոտ գյուղական ամբուլատորիաների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդներ ուղեգրելու դեպքում յուրաքանչյուր կոնսուլտացիայի համար բուժհիմնարկին վճարվում է 950 դրամ:
- Ինչպե՞ս կփոխվի միջին եւ կրտսեր բժշկական անձնակազմի աշխատավարձը:
- ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կանոնակարգվելու են եւ համապատասխանաբար բարձրացվելու են նաեւ միջին բուժանձնակազմի վարձատրության նորմատիվները` 1 բնակչի կտրվածքով, իսկ այլ անձնակազմի` այդ թվում կրտսեր բուժանձնակազմի վարձատրությունը կարող է վերանայվել ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափի վերանայման հետ զուգահեռ:
- Ինչպե՞ս է հարցը դրված ստացիոնար բուժանձնակազմի դեպքում:
- Հուլիսի 1-ից ստացիոնար բուժհաստատություններում եւս կբարձրանա նվազագույն աշխատավարձը: Կոնկրետ թիվ նշել այստեղ հնարավոր չէ։
Յանա Ավչիյան






