Ամանորյա եւ հետամանորյա հերթափոխներից հետո հայկական հիվանդանոցներում հաճախ հետաքրքիր հիվանդներ են հայտնվում հետաքրքիր պատմություններով: Նման պատմության մասին NEWS.am Medicine-ին պատմել է «Արաբկիր» կենտրոնի բոքսի բաժանմունքի պատասխանատու Հրաչուհի Ղազարյանը:
3 տարի առաջ` հունվարի 6-ի գիշերը ծնողները հերթապահ բժիշկների մոտ բերեցին 4-ամյա աղջկա եւ ասացին, որ չի խոսում: Բժիշկներն անհանգստացան. եթե անցյալում աղջիկը խոսել էր, հետո անսպասելիորեն դադարել էր, դա կարող էր կապված լինել մի շարք վտանգավոր հիվանդությունների հետ:
Սակայն ծնողներին հարց ու փորձ անելով բժիշկները պարզեցին, որ աղջիկը նախկինում էլ համարյա չէր խոսում, հազվադեպ մի քանի բառ էր արտաբերում: Այդ ժամանակ բժիշկները զարմացած հարցրեցին, թե ինչու ավելի շուտ չէին բերում եւ բերել են միայն այդ օրը, այն էլ` գիշերով:
«Այսօր Սուրբ ծնունդ է` հատուկ օր, եւ մենք մտածեցինք, որ եթե նրան այսօր հիվանդանոց բերենք, գուցե խոսի», - նշեցին ծնողները:
Բժիշկները սկսեցին անել այն ստուգումները, որ անհրաժեշտ են նման դեպքերում. նախ պետք էր ստուգել աղջկա լսողությունը եւ մի շարք այլ հետազոտություններ իրականացնել: Հետո աղջկան հատուկ բուժման ուղարկեցին:
Պարզվեց, որ ծնողներն ինչ-որ առումով իրավացի էին. աղջիկն իրոք սկսել էր խոսել: Բայց ոչ հաջորդ առավոտ, ինչպես որ ակնկալում էին: Եւ ոչ էլ երկու օրից: Նրա հետ մի քանի ամիս աշխատել էր լոգոպեդը, աղջիկը ռեաբիլիտացիա էր անցել եւ արդյունքում նա իր տարիքի համար նորմալ խոսք ունի: Վերջերս, ինչպես պատմել է Հրաչուհի Ղազարյանը, աղջիկը սկսել է դպրոց գնալ, հիմա նրա կյանքում ամեն ինչ հրաշալի է:
«Ամեն տարի հունվարի 6-ին մենք հիշում ենք այդ դեպքը», - ժպիտով պատմել է բժիշկը: «Ի՞նչ իմանաս, գուցե նրան իրոք օգնեց այն, որ նրան մեզ մոտ բերեցին հենց հունվարի 6-ին»:






