«Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսի բաժանմունքի պատասխանատու Հրաչուհի Ղազարյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հետաքրքիր պատմություն է պատմել զարմանալիորեն կազմակերպված եւ բարդ իրավիճակում տոնի մասին չմոռացած ծնողների մասին:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան բոքսի բաժանմունք բերեցին ծայրաստիճան ծանր վիճակում գտնվող երեխայի, որը արյունոտ փսխոց ուներ: Հերթապահ բժիշկները, բնականաբար  մոռանալով առաջիկա տոնի մասին, զբաղվեցին երեխայով եւ սկսեցին հետազոտություններ իրականացնել արյունախառն փսխոցի պատճառը պարզելու: Երեխայի ծնողներն էլ կողքին էին` անհանգստացած ու շփոթված: 

Ինչպես բացատրեց մասնագետը, նման իրավիճակում առաջին րոպեներն ամենաբարդն ու կարեւորն են: Պետք է բազմաթիվ անալիզներ անել, հավաքել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները եւ ճիշտ կողմնորոշվել, թե ինչպես օգնեն երեխային` նրան դուրս բերելու նման իրավիճակից: Հենց դրանով էլ զբաղված էին բժիշկները, երբ մինչեւ կեսգիշեր   10 րոպե էր մնացել:

Կեսգիշերին երեխայի հայրն անսպասելիորեն շամպայն եւ միանգամյա օգտագործման բաժակներ հանեց եւ կնոջ հետ նշեցին Նոր տարին, շնորհավորեցին բոլոր հերթապահ բժիշկներին` նրանց լավ հերթապահություն եւ հաջող տարի մաղթելով: 

«Այդ պահին մենք այդ ամենին քիչ ուշադրություն դարձրեցինք, որովհետեւ զբաղված էինք երեխայով: Բայց հետո, այդ իրավիճակը վերհիշելով, զարմացանք այդ ծնողների կազմակերպվածության վրա. նրանք ինչպե՞ս էին հասցրել այդ ծանր իրավիճակում,   երեխային հիվանդանոց բերել ու միաժամանակ չէին մոռացել իրենց հետ խմիչք եւ բաժակներ վերցնել», - պատմեց Հրաչուհի Ղազարյանը: 

Ամբողջ գիշեր հերթապահ բժիշկները զբաղված էին երեխային օպգնություն հասցնելով: Առավոտյան կողմ նրա վիճակն արդեն ավելի լավ էր, իսկ հունվարի 3-ին դուրս գրեցին: Այդ դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, սակայն այդ տարի հերթապահող բժիշկներն ամեն անգամ հիշում են այդ երեխային ու նրա կազմակերպված ծնողներին: