Որոշ մարդիկ ընտանիքում բռնություն կիրառող տղամարդկանց արդարացնում են՝ հիշատակելով ինչ-որ «հայկական ավանդույթներ»։ Սակայն բռնությունը, ինչպես նաեւ կանանց նկատմամաբ անհարգալից վերաբերմունքը երբեք հայկական մշակույթի մաս չեն եղել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հոգեբան Սիրանույշ Դավթյանը։

Հետաքրքիր է, որ շատերը բռնություն չեն համարում ապտակն ու ֆիզիկական ուժ գործադրելու այլ ձեւերը։  Մասնագետի խոսքով՝ շատերն անգամ բռնություն չեն համարում կնոջ ազատության սահմանափակումը եւ նրան սեփական կամքը թելադրելը, թեպետ ողջ աշխարհում արդեն վաղուց դա հայտնի է որպես հոգեբանական բռնություն։ Որոշ հայեր ասում են, թե կնոջ ազատությունը սահմանափակելն ու նրա ամեն քայլը վերահսկելը նորմալ է, քանի որ դա «հայկական մշակույթի մասն է»։

Միայն թե չգիտես ինչու այդ մարդիկ մոռանում են, որ իրականում Հայաստանում կանայք միշտ ազատ են եղել, շատ ավելի ազատ, քան այլ երկրներում։ Անգամ անցյալ դարերում հայուհիները կրթություն էին ստանում եւ շատ իրավունքներ ու պարտականություններ ունեին։ Պատմությանը ծանոթ մարդիկ գիտեն, թե ինչ դժվարությամբ են այլ երկրներում կանայք ստացել այդ իրավունքը։ Ավելին՝ Հայաստանում երբեք չի եղել ինկվիզիցիա, վհուկների որս եւ կանանց մենաստաններ։ Ոչ ոքի մտքով չի անցել հայ կնոջն ընկալել այդ կերպարով։

Հայաստանի ողջ պատմության ընթացքում կանանց մեր երկրում հարգել են եւ հաշվի առել նրանց կարծիքը։ Այս մասին ասված է շատ հայ գրողների վեպերում (օրինակ՝ Րաֆֆու), որտեղ տղամարդիկ հաճախ խորհուրդ են հարցրել իրենց կանանցից եւ միշտ նրանց հարգանքով են վերաբերվել։

Սիրանույշ Դավթյանի խոսքով՝ շատերը վստահ են, որ Հայաստանում այսօր առհասարակ ընտանեկան բռնության խնդիր չկա, կան միայն սոցիալական խնդիրներ։ Այդ կարծիքի թյուր լինելն ապացուցում է այն հանգամանքը, որ ամեն տարի կանանց որոշակի քանակ ընտանեկան բռնության զոհ է դառնում եւ օգնության համար դիմում է ոստիկանություն կամ հասարակական կազմակերպություններին, որոնք օգնում են կանանց եւ պաշտպանում նրանց իրավունքները։