Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս հղիության ընթացքում հրաժարվել որոշ ասանաների կատարումից, սակայն ամերիկացի գիտնականները հավաստիացնում են, որ յոգայի դիրքերի մեծամասնությունը վտանգ չի ներկայացնում ոչ մոր, ոչ էլ երեխայի համար:
Ավելին, յոգան կարող է իրոք օգտակար լինել հղիների համար, քանի որ օգնում է օրինակ ճիշտ շնչառություն մշակել, որն անհրաժեշտ է ծննդաբերության ժամանակ: Սակայն երբեմն էլ կանանց առաջարկում են հրաժարվել մեջքի վրա կատարվող վարժություններից, օրինակ շավասանայից, նաեւ շրջված դիրքերից, այդ թվում «շունը մռթով դեպի ներքեւ» ասանայից: Բժիշկները նշում են, որ հղիության ընթացքում արգելված դիրքերի հետեւանքով հնարավոր բարդություններից են արյան շրջանառության ու պտղի սրտի աշխատանքի խանգարումը
Jersey Shore University Medical Center-ի բուժկենտրոնի գիտնականները՝ Ռեչել Փոլիսի ղեկավարությամբ, հետեւել են պտղի սրտի կրճատումների հաճախությանը, երբ 25 կին՝ հղիության ուշ ժամկետներում, կատարում էին 26 առավել տարածված ասանաներ: Դրանցից էին նաեւ այն դիրքերը, որոնք սովորաբար արգելվում են հղիներին՝ «շունը մռութով դեպի ներքեւ», անդանդա բալասանան՝ գոհ երեխայի դիրքը, նաեւ դիակի դիրքը՝ շավասանան:
Պտղի սրտի բաբախյունը նորմալ էր մնում այդ դիրքերից յուրաքանչյուրի ժամանակ, շարժումների հաճախությունը նույնպես չէր փոխվել: Այդ ասանաների կատարումից հետո մեկ օրվա ընթացքում չէր գրանցվել ոչ մի ծննդաբերական ցավ, մերձպտղային ջրերի հոսք, կամ էլ հեշտոցային արյունահոսություն:
Սակայն հեղինակները նշում են, որ այդ կանանց հղիությունը նորմալ էր ընթանում, նրանցից ոչ մեկը մինչ այդ չէր դժգոհել բարձր ճնշումից կամ այլ բարդությունից: 25 մասնակիցներից 10-ը կանոնավոր յոգա էր պարապում նաեւ մինչեւ հղիությունը, իսկ յոթը այդ փորձից առաջ երբեւէ չէր զբաղվել դրանով:
Չնայած փորձի մասնակիցների քանակը շատ քիչ էր ընդհանուր եզրակացությունների համար, բայց գիտնականները համարում են, որ կանայք չպետք է յոգայից հրաժարվեն հղիության ժամանակ: Բայցեւայնպես այս խորհուրդը վերաբերում է միայն նրանց, ում հղիությունը առանց բարդությունների է անցնում ու վիժելու վտանգ չկա:






