Դպրոցական արձակուրդները մինչեւ հունվարի 18-ը երկարացնելը կարող է օգնել սովորողների շրջանում գրիպի ու ՍՇՎԻ տարածումը կանխելուն: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների հսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ու շնչառական ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը:
«Դա (արձակուրդների երկարացումը) ոչ թե հակահամաճակարաբանական, այլ կանխարգելիչ միջոցառում է, որի նպատակն է կանխել հիվանդությունների ներթափանցումը փակ շինություններ», - նշեց մասնագետը:
Հիեշցնենք, որ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություններով ( այդ թվում գրիպի ու ՍՇՎԻ) վարակվելու հավանականությունը շատ ավելի բարձր է փակ, չօդափոխվող տարածքներում: Վարակներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այլ միջոցառումներից բացի հաճախ օդափոխել սենյակները, շատ չմոտենալ հիվանդներին ու հաճախ լվանալ ձեռքերը:
Հիշեցնենք նաեւ, որ պետական հանրակրթական հաստատություններում, մասնագիտական ուսումնարաններում ու միջին հատուկ ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվել են մինչեւ հունվարի 18-ը: Նման որոշման համար հիմք է դարձել՝ երկրում գրիպի ու ՍՇՎԻ տարածման պատճառով Առողջապահության նախարարի միջնորդությունը: Այդ հիվանդություններով վարակվողների 80 տոկոսը մինչեւ 18 տարեկան երեխաներն են:






