ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո Արմեն Մուրադյանը արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր կատարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր եւ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախարարին ներկայացվեց տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվեց նրանց բուժման հետագա ռազմավարությունը:
«Այս պահին կան ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրեց, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:
Նա տեղեկացրեց, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների եւ վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:
Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով եւ բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը եւս մեկ անգամ կոչ արեց բնակչությանը վաղ փուլում դիմել բժիշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա եւ չզբաղվել ինքնաբուժությամբ:
Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:
Համայցը եզրափակվեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն այցելությամբ:






