Ամանորի տոների ընթացքում խանգարվում է ոչ միայն սնունդը, այլեւ օրվա սովորական դարձած ժամակարգը: Մարդիկ ուշ են պառկում քնելու եւ ուշ են վեր կենում: Սովորաբար բավականին դժվար է տոներից հետո վերադառնալ ընդունված կարգին: Ինչպե՞ս կարելի է լուծել ժամակարգի հարցը եւ նորիս սկսել շուտ վեր կենալ:  Այդ մասին մի քանի խորհուրդ է տվել քնի մասնագետ Սամսոն Խաչատրյանը: 

Մասնագետի խոսքով, խորհուրդ չի տրվում խստորեն փոփոխել օրվա ընդունված ժամակարգը նույնիսկ հանգստյան օրերի եւ տոների ընթացքում:  Ցանկալի է, որ մարդը պառկի քնելու եւ արթնանա մոտավորապես նույն ժամանակ եւ չափազանց երկար չքնի:  

Ի՞նչ անել, եթե ժամակարգն արդեն խախտվել է: 

Մասնագետը խորհուրդ է տալիս դա հանգիստ նորմայի բերել` օգտագործելով կամքի ուժը: Այդ գործում կարող է օգնել կոֆեին պարունակող ըմպելիքների թվի նվազեցումը, որովհետեւ կոֆեինը կարող է խախտել քունը: 

Որպես օգնական կարելի է օգտագործել նաեւ… լույսը: Վաղ առավոտյան պետք է այնպես անել, որ տարածքը հնարավորինս լուսավոր լինի, դա օրգանիզմին կօգնի արթնանալ: Օրվա ընթացքում եւս օրգանիզմին լույսի մեծ քանակություն է անհրաժեշտ: Իսկ երեկոյան կողմ վառ լուսավորության կարիք այլեւս չկա, պետք է այն նվազեցնել, որպեսզի օրգանիզմին չխանգարի քնի տրամադրվել: